Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը
Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը
1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝
1) ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչև 150000 դրամը ներառյալ 23 տոկոս
150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը 2000000-ից ավելի դրամ 552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչև 1800000 դրամը ներառյալ 23 տոկոս
1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ 6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
2. (մասն ուժը կորցրել է 21.06.18 ՀՕ-338-Ն)
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում կուտակված գումարները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստանալու դեպքում այդ գումարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող կենսաթոշակների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:
5. Տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:
6. Ռոյալթիների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:
7. Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 58.35 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:
8. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով:
9. Գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով և 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:
10. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի՝
1) «ա» ենթակետով սահմանված դեպքում գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով (այդ թվում՝ նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող գնորդի), իսկ հարկային գործակալներից ստացվող եկամուտների մասով ֆիզիկական անձը եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով՝ անկախ սույն հոդվածի 9-րդ մասի համաձայն հարկային գործակալի կողմից այդ գործարքի մասով եկամտային հարկ հաշվարկված լինելու հանգամանքից.
2) «բ» ենթակետով սահմանված դեպքում գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ սույն մասում նշված անձանցից տարբերվող հարկ վճարողներից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:
11. Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:
12. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ գույքի օտարում չի համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կամ պայմանագրային ներդրումային ֆոնդում գույքի ներդրումը:
13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:
Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտների՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ հոդվածով և 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափերը գերազանցող գումարների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափով և ներառվում է հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում, իսկ հարկային գործակալի լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) դեպքում՝ լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) օրը ներառող ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:
14. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան որոշելիս հարկային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող պասիվ եկամուտները համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում այդ եկամուտները չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ հարկ վճարողներից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաև այլ կազմակերպությունների՝ վերջիններիս թողարկած և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:
15. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:
(150-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասը շարունակում է կիրառվել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:)