Հոդված 159. Եկամտային հարկի գումարի վերադարձը և մուտքագրումը միասնական հաշվին
Հոդված 159. Եկամտային հարկի գումարի վերադարձը և մուտքագրումը միասնական հաշվին
1. Օրենսգրքի 155-րդ հոդվածով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարի վերադարձն իրականացվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Օրենսգրքով սահմանված՝ չափից ավելի վճարված եկամտային հարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
3. Բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները փոխհատուցվում են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված կարգով:
3.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով:
4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:
(159-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-138-Ն)
(06.03.20 ՀՕ-138-Ն օրենքն ունի 159-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ)