Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
1. ԱԱՀ վճարողներին հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար):
2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում արձանագրվող՝ ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների մարմանը, բացառությամբ սույն մասով և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
Եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:
3. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար: Այս դեպքում հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20 տոկոսը, իսկ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այդ չափը գերազանցող մասը շարունակվում է հաշվառվել որպես փոխհատուցվող գումար և հետագայում ԱԱՀ-ի գումարի գծով հարկային պարտավորությունների մարմանն ուղղվում է կամ միասնական հաշվին մուտքագրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
(74-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)
(74-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն վերաբերում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին:)
(հոդվածը 26.05.21 ՀՕ-244-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ)