Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար): ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար է համարվում նաև հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողի կողմից ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանին:
2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվում է որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվում է միասնական հաշվին:
3. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը կարող է ուղղվել որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը կամ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը՝ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:
4. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին, այդ թվում` հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով (այսուհետ` Կառավարության սահմանած չափանիշներ), համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը: Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից հետո ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:
5. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին:
(74-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-244-Ն, խմբ., լրաց. 01.03.23 ՀՕ-101-Ն)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)