Հոդված 38. Ապրանքի մատակարարման պահը
Հոդված 38. Ապրանքի մատակարարման պահը
1. Եթե Օրենսգրքով կամ սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ապրանքի մատակարարման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.
1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ
2) այն պահը, երբ առաքված ապրանքն ընդունում է այլ անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը:
2. Եթե ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այդ ապրանքի մատակարարման պահ է համարվում դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահը:
3. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը` տվյալ ամսվա ընթացքում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչև ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի` սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնելու պահը` լիզինգի առարկայի սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման ամսվա ընթացքում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:
Լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված` մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճար ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին` մինչև այդ պահն ստացված՝ լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճարի չափով:
(38-րդ հոդվածը խմբ. 18.06.20 ՀՕ-321-Ն)