Հոդված 95. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 95. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Ակցիզային հարկ վճարողներին հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի գումարի և Օրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ակցիզային հարկի գումարների (եթե Օրենսգրքի 93-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումար):
2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ակցիզային հարկի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների, ինչպես նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում արձանագրվող՝ ակցիզային հարկի լրացուցիչ գումարների մարմանը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
3. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ակցիզային հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին, եթե հարկ վճարողն ունի ակցիզային հարկի փոխհատուցվող գումար: