Հոդված 401. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը
Հոդված 401. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը
1. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով տույժեր են հաշվարկվում նաև այն դեպքերում, երբ`
1) Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովը փոփոխում կամ կասեցնում է արտոնյալ որակված սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի որոշումները` դրանց շրջանակներում պակաս վճարված կամ չվճարված ԱԱՀ-ի գումարների նկատմամբ.
2) Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 37-րդ կետով սահմանված` լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարների նկատմամբ` սկսված ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի գումարների վճարման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետին հաջորդող օրվանից, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում չեն վերաարտահանվում Հայաստանի Հանրապետության տարածքից:
(401-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, 22.04.20 ՀՕ-220-Ն)
(22.04.20 ՀՕ-220-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում` նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչև 22.04.20 ՀՕ-220-Ն օրենքն ուժի մեջ մտնելը:)