Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2023-11-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-11-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 27 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2023-11-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը

1. Եթե սույն հոդվածի 2-15-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

Ժամանակահատված Եկամտային հարկի դրույքաչափը

2020 թվականի հունվարի 1-ից 23 տոկոս

2021 թվականի հունվարի 1-ից 22 տոկոս

2022 թվականի հունվարի 1-ից 21 տոկոս

2023 թվականի հունվարի 1-ից 20 տոկոս

2. (մասն ուժը կորցրել է 21.06.18 ՀՕ-338-Ն)

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում կուտակված գումարները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստանալու դեպքում այդ գումարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող կենսաթոշակների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

5. Տոկոսների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

5.1. Բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:

6. Ռոյալթիների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:

7. Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:

8. Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները։

9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

10. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-595-Ն)

11. Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

12. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ գույքի օտարում չի համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կամ պայմանագրային ներդրումային ֆոնդում գույքի ներդրումը:

13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:

Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտների՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ հոդվածով և 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափերը գերազանցող գումարների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափով և ներառվում է հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում, իսկ հարկային գործակալի լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) դեպքում՝ լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) օրը ներառող ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:

14. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների նկատմամբ, դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսներին:

14.1. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային գործակալ չհանդիսացող անձից ստացվող պասիվ եկամուտները, այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում, ներառում են դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ, և դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափով:

15. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

(150-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ., խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն, լրաց. 24.01.20 ՀՕ-82-Ն, խմբ., լրաց. 12.04.22 ՀՕ-92-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-595-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.01.20 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։