Հոդված 304. Հարկ վճարողների սպասարկման՝ հարկային մարմնի գործառույթները
Հոդված 304. Հարկ վճարողների սպասարկման՝ հարկային մարմնի գործառույթները
1. Հարկ վճարողների սպասարկումը հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված ծառայությունների մատուցումն է, որն ուղղված է հարկ վճարողների կամ հարկային գործակալների՝ Օրենսգրքով նախատեսված պարտականությունների ընկալմանը և կամավոր կատարման ապահովմանը: Հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է հարկ վճարողների իրազեկման, հարկային հաշվարկների և Օրենսգրքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունման և (կամ) տրամադրման, ինչպես նաև հարկ վճարողների համար գրանցումների, հաշվառումների, հաստատումների, վավերացումների և այլ գործընթացների ձևով:
2. Հարկային մարմինը հարկ վճարողների սպասարկման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկում.
2) (կետն ուժը կորցրել է 21.06.18 ՀՕ-338-Ն)
3) հարկ վճարողների իրազեկում.
4) հարկ վճարողների ցանկերի հրապարակում.
5) հարկ վճարողների իրազեկման այլ գործառույթների իրականացում.
6) էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի կնքում, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրում.
7) հարկային հաշվարկների ընդունում.
8) Օրենսգրքով սահմանված դիմումների, հայտարարությունների, այլ փաստաթղթերի ընդունում և հետագա ընթացքի ապահովում.
9) իրական ժամանակում առցանց եղանակով հարկ վճարողի անձնական հաշվի քարտի (այդ թվում՝ հարկային պարտավորությունների և դրանց մարումների) դիտման հնարավորության ապահովում.
10) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատում կամ ռեզիդենտությունը հաստատող տեղեկանքի տրամադրում.
11) Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանք ստանալու համար դիմումի ընդունում և տեղեկանքի տրամադրում.
12) Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով գանձված հարկերը վերադարձնելու մասին սերտիֆիկատ-դիմումի ընդունում և հաստատում.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ:
3. Հարկային մարմինը սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործառույթներն իրականացնում է անվճար, բացառությամբ այն ծառայությունների կամ գործողությունների, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի գանձում:
(304-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)