Հոդված 367. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները
Հոդված 367. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները
1. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները կարող են ներառել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության այլ աղբյուրները:
2. Եթե չվերահսկվող գործարքի մասին, որպես տեղեկատվության աղբյուր, հավասար արժանահավատությամբ կարող են օգտագործվել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ապա, որպես տեղեկատվության աղբյուր, պետք է օգտագործել ներքին չվերահսկվող գործարքները:
3. Չվերահսկվող գործարքների մասին, որպես տեղեկատվության այլ աղբյուրներ, կարող են օգտագործվել, մասնավորապես`
1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունը.
2) տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող՝ հարկային մարմնի սահմանած՝ միջազգային հեղինակավոր առևտրային տվյալների բազաներում առկա ֆինանսական և այլ տեղեկություններ.
3) արտաքին առևտրի վերաբերյալ հրապարակված մաքսային վիճակագրությունը.
4) պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական տեղեկատվության աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունը.
5) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին).
6) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունը.
7) օրենքով սահմանված կարգով որոշված՝ անշարժ գույքի արժեքը.
8) կազմակերպությունների պաշտոնական կայքերում տեղադրված ֆինանսական և (կամ) տրանսֆերային գնագոյացման քաղաքականությունների վերաբերյալ հաշվետվությունները.
9) մետաղական և (կամ) արժեթղթերի բորսաների հրապարակած տեղեկատվությունը:
4. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-86-Ն)
5. Ռեզիդենտ հարկ վճարողների մասնակցությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումն ընդունելի է, եթե դրանք համադրելի են վերահսկվող գործարքի հետ:
(367-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.03.22 ՀՕ-86-Ն)