Հոդված 396. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը
Հոդված 396. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը
1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ:
2. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) վերադարձվում են յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) հարկ վճարողի կողմից, հարկային մարմնի սահմանած ձևի դիմումի հիման վրա, վերադարձվում են հարկային մարմին:
4. Հարկային մարմինը դիմումն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում այդ պահանջներին դրանց համապատասխանության (անհամապատասխանության) մասին և որոշման ընդունման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին:
5. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային մարմինը հետ է ընդունում առանց սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու:
6. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային մարմինը չի ընդունում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները.
1) ակցիզային դրոշմանիշերը և դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.
2) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի սերիան և համարը.
3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն:
(396-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, խմբ., լրաց. 16.12.21 ՀՕ-408-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)