Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 41 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏԸ, ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 201. Բնօգտագործման վճարի բազան

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 201. Բնօգտագործման վճարի բազան

1. Բնօգտագործման վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը: Մասնավորապես՝

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառի՝ բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով վերցրված ջրի փաստացի ծավալը.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային ռեսուրսներից օգտագործված (արդյունահանված) ջրի փաստացի ծավալը` հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման (այդ թվում` ածխաթթու գազի արտադրության) համար բնօգտագործման վճարի բազա է համարվում՝

ա. արդյունահանված հանքային ջրի փաստացի ծավալը՝ հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը,

բ. եթե ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանմանը զուգահեռ իրականացվում է նաև ածխաթթու գազի արտադրություն, ապա ածխաթթու գազի արտադրության համար բնօգտագործման վճարի բազա է համարվում արտադրված ածխաթթու գազի փաստացի ծավալը.

4) աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում արդյունահանված աղի փաստացի ծավալը.

5) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալը (այսուհետ սույն բաժնում նաև` մարված պաշար)՝ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների: Սույն կետի կիրառության իմաստով՝ տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ են համարվում պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում հանածոյի արդյունահանման նպատակով ընտրված տեխնոլոգիաների և համակարգերի կիրառման ժամանակ առաջացած օգտակար հանածոների կորուստները, որոնք ամրագրված են օգտակար հանածոների արդյունահանման նախագծում, և որոնց առավելագույն չափը չի կարող գերազանցել օգտակար հանածոների պաշարների գնահատման համար հիմք հանդիսացող երկրաբանատնտեսագիտական հիմնավորմամբ հաստատված տեխնոլոգիական կորուստների չափը.

6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա են համարվում՝

ա. բուսական (բացառությամբ բնափայտի կամ երկրորդական անտառանյութի) և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ լիազոր մարմնի կնքած կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ տրամադրած լիցենզիայով սահմանված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում՝ փաստացի օգտագործված ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը,

բ. բնափայտի կամ երկրորդական անտառանյութի փաստացի օգտագործված ծավալը։

(201-ին հոդվածը խմբ. 18.04.25 ՀՕ-82-Ն)

(18.04.25 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։