Հոդված 22.1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման ժամանակ
Հոդված 22.1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման ժամանակ
Համապատասխան մարմնի վերակազմակերպումը մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ:
(22.1-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն)
ՀՈԴՎԱԾ 23. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Մաքսային ծառայողն իրավունք ունի`
1) ծանոթանալ զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) ծառայողական պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր.
3) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունել.
4) մաքսային ծառայության գծով առաջխաղացման և վարձատրության չափերի մեծացման` հաշվի առնելով ծառայած տարիները, ծառայության արդյունքները և վերապատրաստման մակարդակը.
5) ծանոթանալ իր անձնական գործին կցվող բոլոր նյութերին, իր ծառայության գնահատականներին և այլ փաստաթղթերի` մինչև դրանք անձնական գործին կցելը, և ներկայացնել բացատրություններ.
6) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պահպանման համար հատկացված միջոցների հաշվին վերապատրաստվել.
7) կենսաթոշակային ապահովման.
8) պահանջել Կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում` իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.
9) օգտագործել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.
10) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.
11) սոցիալական և իրավական պաշտպանության ու ապահովության:
2. Մաքսային ծառայողն ունի նաև սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված այլ իրավունքներ:
(23-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 24. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Մաքսային ծառայողը պարտավոր է`
1) իր իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը, ինչպես նաև տիրապետել մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ գիտելիքների.
2) իր իրավասության սահմաններում ապահովել քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պահպանումը.
3) կատարել կոմիտեի ղեկավարի ու պաշտոնատար անձանց` իրենց իրավասության սահմաններում տրված օրինական հրամաններն ու կարգադրությունները.
4) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները և ընթացք տալ դրանց.
5) պահպանել ծառայողական տեղեկությունների հետ աշխատելու կարգը.
6) օրենքով սահմանված դեպքերում սկսել հետաքննության և նախաքննության գործերը.
6.1) մաքսանենգության և օրենքով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով իրականացնել դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Կառավարությունը.
7) մասնակցել կոմիտեի ղեկավարի հաստատած ծրագրով անցկացվող ուսումնավարժական հավաքներին, մրցույթներին և այլ ծառայողական միջոցառումներին.
8) ճշգրիտ, ժամանակին, բարեխղճորեն և անշահախնդրորեն կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ պարտականություններ.
9) պահպանել մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները, որոնք հաստատվում են կոմիտեի ղեկավարի կողմից:
2. Մաքսային ծառայողի պարտականություններն ըստ զբաղեցրած պաշտոնի որոշում է կոմիտեի ղեկավարը:
(24-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, 01.03.18 ՀՕ-137-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)