Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները
Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները
1. Մաքսային ծառայողին չեն կարող տրվել բանավոր և (կամ) գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին.
բ) դուրս են հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորություններից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ ստանալու դեպքում մաքսային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականների օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) կամ հանձնարարական տվողը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա մաքսային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Մաքսային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը: Եթե հանձնարարականի կատարումը կարող է հանգեցնել քրեական կամ վարչական պատասխանատվության, ապա մաքսային ծառայողը այդ մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել կոմիտեի ղեկավարին:
(24.1-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 25. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Մաքսային ծառայողն իրավունք չունի`
1) զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) մաքսային մարմիններում հանդես գալ որպես երրորդ անձանց լիազորված անձ.
4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել մաքսային մարմինների նյութատեխնիկական, տեղեկատվական և ֆինանսական միջոցները, պետական այլ գույք, ինչպես նաև ծառայողական տեղեկատվությունը.
5) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
6) իր ծառայողական դիրքն ու միջոցներն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական, ինչպես նաև նրանց օգտին վերաբերմունք քարոզող կազմակերպությունների շահերի համար.
7) խախտել պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող նյութերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվել անցնելու այդ գաղտնիքների հետ առնչվելու թույլտվության ձևակերպման սահմանված ընթացակարգը.
8) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
9) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
2. Մաքսային մարմիններում արգելվում է կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական կազմակերպությունների ձևավորումը:
3. Մաքսային մարմիններում արգելվում է համատեղ ծառայել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կապված անձանց (ծնողներ, ամուսիններ, եղբայրներ, քույրեր, զավակներ, ինչպես նաև ամուսինների եղբայրներ, քույրեր և նրանց զավակներ), եթե նրանց ծառայությունը կապված է մեկը մյուսի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
4. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Մաքսային ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:
(25-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-114-Ն)
ՀՈԴՎԱԾ 26. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԶԵՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ և ԿԱՐԳԸ
1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև` պարբերաբար, մաքսային ծառայողները, կոմիտեի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:
2. Սույն օրենքի 27-29-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով` մաքսային ծառայողն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:
3. Մաքսային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային այլ միջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, եթե նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:
4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:
5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման դեպքում մաքսային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:
(26-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-96-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 27. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ (ՈՒԺԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ
Մաքսային ծառայողները, իրենց պարտականությունների կատարման ընթացքում, իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական հարկադրանք (ուժ)`
1) իրենց կամ այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.
2) մաքսային մարմիններին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.
3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար:
ՀՈԴՎԱԾ 28. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Մաքսային ծառայողներն իրավունք ունեն կիրառել ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, փականքները բացելու գործիքներ, տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու համար նախատեսված միջոցներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ:
2. Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`
1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.
2) մաքսային մարմնին պատկանող կամ նրա հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.
3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց.
4) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարում մաքսային ծառայողի օրինական պահանջները:
3. Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց, անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:
ՀՈԴՎԱԾ 29. ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ
1. Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողներին ծառայողական պարտականություններ կատարելիս իրավունք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու, պահելու և օգտագործելու զենք:
2. Զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային ծառայողներն իրավունք ունեն դա գործադրել`
1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար, կամ եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.
2) զենքի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար:
3. Մինչև զենքի գործադրումը մաքսային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:
4. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և մաքսային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
5. Մաքսային ծառայողներին զենքով ապահովելու կարգը, զենքի ու զինամթերքի ցանկը սահմանում է Կառավարությունը:
(29-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 30. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Անձնական անվտանգության ապահովման համար մաքսային ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 31. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ
1. Մաքսային ծառայության ստաժը ներառում է մաքսային ծառայողի մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու և մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը մաքսային մարմիններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:
2. Մաքսային ծառայության ստաժը հաշվարկվում է մաքսային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժի մեջ:
(31-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն)
ՀՈԴՎԱԾ 32. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ և ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Կոմիտեի ղեկավարի հրամանով մաքսային ծառայողին նույն մաքսային մարմնում, նույն տարածաշրջանի այլ մաքսային մարմնում կամ այլ տարածաշրջանի մաքսային մարմնում այլ պաշտոնի նշանակելը (այսուհետ` ծառայողական տեղափոխում) թույլատրվում է միայն մաքսային ծառայողի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:
2. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում նշված ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության նոր վայրում Կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում:
3. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջան ծառայողական տեղափոխման դեպքում մաքսային ծառայողին Կառավարության սահմանած կարգով տրվում է տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցում:
(32-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Մաքսային ծառայության կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնող բոլոր մաքսային ծառայողները պարտադիր, իսկ գլխավոր պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողները, իրենց ցանկությամբ, ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, մասնակցում են կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:
(33-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 34. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ
1. Մաքսային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Մաքսային ծառայողի անձնական գործը վարում է կոմիտեի համապատասխան ծառայությունը: (նախադասությունը հանվել է 24.12.04 ՀՕ-71-Ն)
2. Մաքսային ծառայողի անձնական գործի վարման կարգը սահմանում է կոմիտեն:
(34-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 35. Մաքսային ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը
(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-284-Ն)
1. Մաքսային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը որոշում է Կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:
2. Մաքսային ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է կոմիտեն:
(35-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-284-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)
ՀՈԴՎԱԾ 36. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
1. Մաքսային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, քաղաքացիների և այլ անձանց համար:
2. Մաքսային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Մաքսային ծառայողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
ՀՈԴՎԱԾ 37. Մաքսային ծառայողի պատասխանատվությունը
(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-284-Ն)
Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցները վերականգնվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:
Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:
Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով կոմիտեում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում դիմում-բողոք բերողի կողմից գրավոր կարգով և հայերենով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`
1) բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.
3) բողոքարկման առարկան.
4) բողոք բերողի պահանջը.
5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
Սույն հոդվածի 5-րդ մասում նշված` ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում մաքսային մարմինը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:
Մաքսային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է կոմիտեն:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում կոմիտեի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե`
1) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում սույն օրենքով սահմանված չափանիշները, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.
2) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.
3) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.
4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.
5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնողը չի վերացրել սույն հոդվածով սահմանված ժամկետում.
6) դիմում-բողոք բերողը հրաժարվում է բողոքից.
7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.
8) բացակայում է մաքսային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.
9) դիմում-բողոքը ներկայացվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո.
10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո սույն հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.
11) դիմում-բողոքը ներկայացնողը նույն պահանջով դիմել է դատարան.
12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումն ընդունում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահպանվում է մաքսային մարմնում:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և կազմված արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են մաքսային մարմնում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում` կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում`
1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.
2) դիմում-բողոքը բավարարելու մասին.
3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.
4) դիմում-բողոքը մերժելու մասին.
5) վերստուգում անցկացնելու մասին:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն յոթ հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահվում է մաքսային մարմնում:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:
(37-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-69-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-259-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-284-Ն, լրաց. 20.12.17 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)
(37-րդ հոդվածը 14.11.19 ՀՕ-226-Ն օրենքի 1-ին հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.02.2020 թվականին:)