Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2017-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

գործել է մինչև 2017-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Մաքսային ծառայողին չեն կարող տրվել բանավոր և (կամ) գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին.

բ) դուրս են հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորություններից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ ստանալու դեպքում մաքսային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականների օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) կամ հանձնարարական տվողը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա մաքսային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Մաքսային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը: Եթե հանձնարարականի կատարումը կարող է հանգեցնել քրեական կամ վարչական պատասխանատվության, ապա մաքսային ծառայողը այդ մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:

(24.1-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն)

ՀՈԴՎԱԾ 25. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Մաքսային ծառայողն իրավունք չունի`

1) զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) մաքսային մարմիններում հանդես գալ որպես երրորդ անձանց լիազորված անձ.

4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել մաքսային մարմինների նյութատեխնիկական, տեղեկատվական և ֆինանսական միջոցները, պետական այլ գույք, ինչպես նաև ծառայողական տեղեկատվությունը.

5) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) իր ծառայողական դիրքն ու միջոցներն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական, ինչպես նաև նրանց օգտին վերաբերմունք քարոզող կազմակերպությունների շահերի համար.

7) խախտել պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող նյութերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվել անցնելու այդ գաղտնիքների հետ առնչվելու թույլտվության ձևակերպման սահմանված ընթացակարգը.

8) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

9) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Մաքսային մարմիններում արգելվում է կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական կազմակերպությունների ձևավորումը:

3. Մաքսային մարմիններում արգելվում է համատեղ ծառայել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կապված անձանց (ծնողներ, ամուսիններ, եղբայրներ, քույրեր, զավակներ, ինչպես նաև ամուսինների եղբայրներ, քույրեր և նրանց զավակներ), եթե նրանց ծառայությունը կապված է մեկը մյուսի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Մաքսային ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

(25-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-114-Ն)

ՀՈԴՎԱԾ 26. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԶԵՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ և ԿԱՐԳԸ

1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև` պարբերաբար, մաքսային ծառայողները, վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:

2. Սույն օրենքի 27-29-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով` մաքսային ծառայողն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

3. Մաքսային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային այլ միջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, եթե նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:

4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման դեպքում մաքսային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

(26-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-96-Ն)

ՀՈԴՎԱԾ 27. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ (ՈՒԺԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ

Մաքսային ծառայողները, իրենց պարտականությունների կատարման ընթացքում, իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց կամ այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմիններին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար:

ՀՈԴՎԱԾ 28. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Մաքսային ծառայողներն իրավունք ունեն կիրառել ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, փականքները բացելու գործիքներ, տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու համար նախատեսված միջոցներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ:

2. Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմնին պատկանող կամ նրա հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց.

4) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարում մաքսային ծառայողի օրինական պահանջները:

3. Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց, անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 29. ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողներին ծառայողական պարտականություններ կատարելիս իրավունք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու, պահելու և օգտագործելու զենք:

2. Զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային ծառայողներն իրավունք ունեն դա գործադրել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար, կամ եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

2) զենքի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար:

3. Մինչև զենքի գործադրումը մաքսային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:

4. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և մաքսային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

5. Մաքսային ծառայողներին զենքով ապահովելու կարգը, զենքի ու զինամթերքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 30. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Անձնական անվտանգության ապահովման համար մաքսային ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

ՀՈԴՎԱԾ 31. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ

1. Մաքսային ծառայության ստաժը ներառում է մաքսային ծառայողի մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու և մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը մաքսային մարմիններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Մաքսային ծառայության ստաժը հաշվարկվում է մաքսային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժի մեջ:

(31-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն)

ՀՈԴՎԱԾ 32. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ և ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով մաքսային ծառայողին նույն մաքսային մարմնում, նույն տարածաշրջանի այլ մաքսային մարմնում կամ այլ տարածաշրջանի մաքսային մարմնում այլ պաշտոնի նշանակելը (այսուհետ` ծառայողական տեղափոխում) թույլատրվում է միայն մաքսային ծառայողի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

2. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում նշված ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության նոր վայրում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում:

3. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջան ծառայողական տեղափոխման դեպքում մաքսային ծառայողին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրվում է տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցում:

(32-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն)

ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Մաքսային ծառայության կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնող բոլոր մաքսային ծառայողները պարտադիր, իսկ գլխավոր պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողները, իրենց ցանկությամբ, ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, մասնակցում են վերադաս մաքսային մարմնի ուսումնական կենտրոնում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:

ՀՈԴՎԱԾ 34. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ

1. Մաքսային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Մաքսային ծառայողի անձնական գործը վարում է վերադաս մաքսային մարմնի համապատասխան ծառայությունը: (նախադասությունը հանվել է 24.12.04 ՀՕ-71-Ն)

2. Մաքսային ծառայողի անձնական գործի վարման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

(34-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն)

ՀՈԴՎԱԾ 35. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

Մաքսային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:

ՀՈԴՎԱԾ 36. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

1. Մաքսային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, քաղաքացիների և այլ անձանց համար:

2. Մաքսային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մաքսային ծառայողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 37. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:

Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել վերադաս մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև մաքսային ծառայությանն առնչվող վեճերի լուծման նպատակով վերադաս մաքսային մարմնում մշտապես գործում է գանգատարկման հանձնաժողով:

Մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնությամբ:

Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը: Դիմում-գանգատները վերադաս մաքսային մարմնի կողմից քննության են առնվում, որոնց վերաբերյալ դիմում-գանգատի ընդունման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ընդունվում են որոշումներ: Առանձին դեպքերում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

Գանգատարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:

(37-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-69-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-259-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։