Հոդված 13. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարումը
Հոդված 13. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարումը
1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կարող է լինել Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (այսուհետ` դեսպան) կամ գործերի հավատարմատարը` տվյալ պետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ):
2. Դեսպանը և մշտական ներկայացուցիչը (դիվանագիտական ներկայացուցիչներ) նշանակվում և հետ են կանչվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով՝ հանդիպման կամ աշխատանքային քննարկման։
5. Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
6. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ պաշտոնի նշանակում և ազատում է դեսպանը կամ մշտական ներկայացուցիչը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ արտաքին գործերի նախարարը՝ տվյալ դիվանագիտական ծառայության մարմնի ամենաբարձր դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների թվից: