Հոդված 10. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները
Հոդված 10. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները
1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինն իրականացնում է պաշտոնական հարաբերությունները հավատարմագրման պետության հետ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այդ պետությունում և (կամ) միջազգային կազմակերպությունում:
2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն իրականացնում է պաշտոնական հարաբերություններ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում: Կախված միջազգային կազմակերպությունում ընդունված կարգից` ներկայացուցչությունը կարող է ունենալ նաև այլ անվանում՝ առաքելություն, պատվիրակություն և այլն:
3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
4. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի գործառույթները և գործունեության հետ կապված հարցերը սահմանվում են սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կանոնադրությունը հաստատում է արտաքին գործերի նախարարը:
5. Կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով կցորդներ, ռազմական և առևտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ:
6. Պաշտպանության հարցերով կցորդները, ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ:
7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից Կառավարության որոշմամբ կարող են գործել այլ կցորդներ և ներկայացուցիչներ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով:
8. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերում նշված կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների տեղակալների և օգնականների հաստիքները սահմանվում են վարչապետի որոշմամբ:
9. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերում նշված կցորդները և ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են վարչապետի որոշմամբ, իսկ պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների տեղակալները և օգնականները՝ իրավասու պետական մարմնի ղեկավարի հրամանով:
10. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերում նշված կցորդները և ներկայացուցիչները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
11. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերում նշված կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների տեղակալների և օգնականների առաջադրման, նշանակման, ազատման, լիազորությունների շրջանակի, գործունեության, նրանց և նրանց ընտանիքի անդամների պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:
(10-րդ հոդվածը խմբ., լրաց. 11.12.23 ՀՕ-405-Ն)
(11.12.23 ՀՕ-405-Ն օրենքն ունի անցումային դրույթ)