Հոդված 1
Հոդված 1
1. Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը.
ավտոբուս՝ վարորդի տեղից բացի 8-ից ավելի նստատեղ ունեցող՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.
ավտոգնացք՝ համակցված տրանսպորտային միջոց, որը բաղկացած է բեռնատար ավտոմոբիլից և կցորդից (կցորդային ավտոգնացք), քարշակից և կիսակցորդից (թամբավոր ավտոգնացք).
բեռնատար ավտոմոբիլ՝ սեփական շարժիչով կահավորված և ավտոմոբիլային ճանապարհներով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.
տրանսպորտային միջոցի թույլատրելի բարձրություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի բարձրություն, որը չի գերազանցում թիվ 1 հավելվածում նշված արժեքները.
տրանսպորտային միջոցի թույլատրելի երկարություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի երկարություն, որը չի գերազանցում թիվ 1 հավելվածում նշված արժեքները.
տրանսպորտային միջոցի թույլատրելի լայնություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի լայնություն, որը չի գերազանցում թիվ 1 հավելվածում նշված արժեքները.
տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգված՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի զանգված, որը չի գերազանցում թիվ 2 հավելվածում նշված արժեքները.
սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգված՝ տրանսպորտային միջոցի սռնու կամ սռնիների խմբի միջոցով ավտոմոբիլային ճանապարհի մակերևույթին փոխանցվող՝ բեռով կամ առանց բեռի զանգված, որի մեծությունը չի գերազանցում թիվ 3 հավելվածում նշված արժեքները.
եվրասիական տրանսպորտային միջանցք՝ երթուղիների ամբողջություն, որոնք ինտեգրված են այդ թվում անդամ պետությունների տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների ցանցում և միջազգային հաղորդակցության մեջ ապահովում են ուղևորների ու բեռների փոխադրումը դրանց առավել մեծ կենտրոնացվածության ուղղություններով, ինչպես նաև այդ փոխադրումների իրականացման տեխնոլոգիական և կազմակերպաիրավական պայմանների ամբողջությունը.
անդամ պետության իրավասու մարմին՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որի լիազորություններին են վերապահված սույն համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը.
անբաժանելի բեռ՝ բեռ, որը չի կարող բաժանվել մասերի առանց սպառողական հատկությունները կորցնելու կամ առանց այն վնասելու ռիսկի: Խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցով փոխադրման դեպքում անբաժանելի է համարվում այն բեռը, որն անբաժանելի է ըստ տրանսպորտային միջոցի թույլատրելի եզրաչափերը գերազանցող եզրաչափի (եզրաչափերի)՝ դրա վրա այդպիսի բեռ բեռնելիս.
կիսակցորդ՝ բեռների փոխադրման համար հատուկ սարքավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է քարշակի հետ այնպես միացնելու համար, որ այդ տրանսպորտային միջոցի մի մասը գտնվի անմիջապես քարշակի վրա և դրան փոխանցի իր քաշի մի մասը.
կցորդ՝ քարշակի կամ բեռնատար ավտոմոբիլով քարշակման միջոցով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.
միակցված ավտոբուս՝ երկու կամ ավելի կոշտ հատվածամասերից բաղկացած, միմյանց հոդակապով միացված և յուրաքանչյուր հատվածամասում ուղևորասրահ ունեցող ավտոբուս, որն ուղևորներին թույլ է տալիս ազատորեն տեղաշարժվել մի սրահից մյուսը.
հատուկ թույլտվություն՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով տրված մեկանգամյա կամ բազմակի թույլտվություն՝ այն տրանսպորտային միջոցով եվրասիական տրանսպորտային միջանցքներով երթևեկելու համար, որի բեռով կամ առանց բեռի քաշային և (կամ) եզրաչափային պարամետրերը գերազանցում են սույն համաձայնագրին համապատասխան սահմանված թույլատրելի արժեքները.
քարշակ՝ սեփական շարժիչով կահավորված և բացառապես կամ առավելապես կցորդի կամ կիսակցորդի քարշակման համար նախատեսված տրանսպորտային միջոց.
ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոց՝ տրանսպորտային միջոց, որի՝ բեռով կամ առանց բեռի առավելագույն քաշային և (կամ) եզրաչափային պարամետրերը գերազանցում են սույն համաձայնագրի թիվ 1-ից թիվ 3 հավելվածում նշված արժեքները.
անդամ պետության լիազորված մարմին՝ հատուկ թույլտվություն տրամադրող անդամ պետության պետական իշխանության մարմին:
2. Սույն համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված նշանակություններով: