Հոդված 6. Պարտավորություններ
Հոդված 6. Պարտավորություններ
6.1 Համագործակցության ցանկացած ծրագրի իրականացմանը աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը շվեյցարական կողմից դրամաշնորհի հիման վրա ֆինանսավորված բոլոր սարքավորումները, ծառայությունները, փոխադրամիջոցներն ու նյութերը և սույն Համաձայնագրի շրջանակներում ծրագրի իրականացման կարիքների համար ժամանակավորապես ներմուծված սարքավորումները պետք է ազատի հարկերից, մաքսատուրքերից, գանձումներից, այլ պարտադիր վճարներից և նույն պայմաններով թույլ տա դրանց վերարտահանումը:
6.2 Հայաստանի Հանրապետությունը պետք է թույլ տա ժամանակավորապես ներմուծել սույն Համաձայնագրի շրջանակներում ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումները:
6.3 Հայաստանի Հանրապետությունը Ծրագիրը իրականացնող մարմիններին պետք է ազատի եկամտահարկից, շահութահարկից և գույքահարկից և/կամ այն հարկերից, որոնք գանձվում են Ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրից բխող վարձատրությունից և ձեռքբերումներից:
6.4 Հայաստանի Հանրապետությունը համաձայն է, որ ֆինանսական օգնության ծրագրերին առնչվող վճարումների ընթացակարգերի համար կարող են նշանակվել ֆինանսական գործակալներ, որոնք հանդես կգան համապատասխան ծրագրերի հայկական գործընկերների անունից` յուրաքանչյուր ծրագրի գործընկերների միջև ձեռք բերված համաձայնությամբ: Ազգային արժույթով և/կամ փոխօգնության ֆոնդերի գծով վճարումների կատարման համար ֆինանսական գործակալների հետ կարող են բացվել հատուկ հաշիվներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Այդ հաշիվներում գտնվող միջոցների օգտագործումը կորոշվի ծրագրի գործընկերների միջև:
6.5 Հայաստանի Հանրապետությունը պետք է դյուրացնի ծրագրերից բխող և օտարերկրյա անձնակազմի կողմից իրականացվող` արտարժույթի միջազգային փոխանցումների հետ կապված ընթացակարգի կատարումը:
6.6 Անձնակազմը, որին վստահված է ծրագրերի իրականացումը սույն Համաձայնագրի շրջանակներում, և նրա անդամների ընտանիքները պետք է ազատվեն որևէ եկամտահարկից և գույքահարկից, ինչպես նաև ցանկացած այլ հարկումից, մաքսատուրքից, գանձումից, որևէ անձնական իրի համար գանձվող պարտադիր վճարից: Նրանց կթույլատրվի ներմուծել և վերարտահանել իրենց անձնական իրերը (կենցաղային ապրանքներ, մեքենա և սարքավորումներ` ներառյալ մասնագիտական և անձնական օգտագործման սարքավորումները) իրենց նշանակման ժամկետը լրանալուց հետո: Անձնակազմին և նրա անդամների ընտանիքներին Հայաստանի Հանրապետությունը պետք է տրամադրի օրենքով պահանջվող` կացության հետ կապված փաստաթղթեր և աշխատելու թույլտվություններ:
Սույն դրույթը չի կիրառվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:
6.7 Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի անձնակազմի, ինչպես նաև նրա անդամների ընտանիքների անվտանգությունը և դյուրացնի նրանց վերադարձը:
6.8 Հայաստանի Հանրապետությունը պետք է ազգային օրենսդրության շրջանակներում անձնակազմին, ինչպես նաև նրա անդամների ընտանիքներին անվճար և առանց ուշացումների տրամադրի մուտքի վիզաներ:
6.9 Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի անձնակազմին` իրականացնելու իր առաջադրանքները և տրամադրի նրան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը: