Հոդված 15.1
Հոդված 15.1.
Դիտարկումների իրականացումը
1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը:
2. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) կողմից լրացվում է դիտարկման թերթիկը 2 օրինակից, որի մեկ օրինակը դիտարկումն ավարտվելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին:
3. Դիտարկման թերթիկի ձևը հաստատում է լիազոր մարմինը և հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:
4. Լրացված դիտարկման թերթիկը ստորագրում են դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:
5. Դիտարկման ընթացքում իրականացվում են՝
1) դիտարկման թերթիկով սահմանված տվյալների հավաքում.
2) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար.
3) կենդանական ծագման մթերքի պահման պայմանների անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար.
4) լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված և (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման (վաճառքի) արգելում: Կասեցման դեպքում դիտարկումն իրականացնող անձը կազմում է կասեցման վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվում են կասեցման պատճառը և կասեցման ժամկետը: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել լաբորատոր փորձաքննության համար նախատեսված առավելագույն ժամկետը:
6. Սույն հոդվածով սահմանված դիտարկման տևողությունը յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում չպետք է գերազանցի երկու աշխատանքային օրը: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:
7. Լիազոր մարմինը դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կարող է իրականացնել նաև հսկիչ գնում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Սույն հոդվածով սահմանված դիտարկման արդյունքում վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:
9. Դիտարկման արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
(15.1-ին հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)