Հոդված 17.2
Հոդված 17.2.
Դիտարկումն իրականացնող անձանց պարտականությունները
1. Դիտարկումն իրականացնող անձինք պարտավոր են`
ա) պահպանել դիտարկման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել դիտարկման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, և դիտարկում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ` տեղեկություն):
Սույն օրենքի իմաստով` տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.
գ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.
դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.
ե) իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնել տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց.
զ) դիտարկման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` դիտարկման հետ առնչվող, անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի դիտարկվող ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած գրավոր հարցման:
(17.2-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)