Հոդված 6. Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները
Հոդված 6. Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները
1. Սննդամթերքի արտադրություն (բացառությամբ հանրային սննդի) թույլատրվում է իրականացնել միայն համապատասխան տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում:
Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):
2. Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային հավելումները և սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
3. Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող ջուրը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին:
4. Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել արգելված սննդային հավելումներ:
Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանում է կառավարությունը:
5. Սննդամթերքի արտադրության և պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների մաքրման ու ախտահանման, ինչպես նաև միջատների և կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը և նյութերը չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ վնասեն դրա հատկությունները և դրանով վտանգեն մարդու առողջությունը:
6. Սննդամթերքի արտադրության (բացառությամբ հանրային սննդի) տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
7. Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով ներդրվում է վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգ:
Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով լիազոր մարմինը, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում և կազմակերպում է ուսուցում:
Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման ժամանակացույցը, ըստ արտադրության ոլորտների, սահմանում է կառավարությունը: