Հոդված 2. Հիմնական հասկացությունները
Հոդված 2. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
սննդամթերք՝ ցանկացած պարենային հումք և արտադրանք, որոնք նախատեսված են մարդու սննդում օգտագործելու համար՝ վերամշակված, մասնակի վերամշակված կամ չվերամշակված տեսքով, ներառյալ` խմիչքները, մաստակը և ջուրը, որն ավելացվում է սննդամթերքին վերջինիս պատրաստման, մշակման կամ վերամշակման ժամանակ:
Սննդամթերք չեն համարվում`
- անասնակերերը,
- կենդանիները, եթե դրանք չեն նախատեսվել շուկա հանելու` մարդու կողմից սննդի մեջ կիրառելու համար,
- բուսաբուծության արտադրանքը՝ մինչև բերքահավաք,
- դեղամիջոցները,
- կոսմետիկ միջոցները,
- ծխախոտը և ծխախոտային արտադրանքները,
- թմրադեղերը և հոգեմետ նյութերը,
- մնացորդային նյութերը և աղտոտիչները.
պարենային հումք՝ սննդամթերքի արտադրության համար օգտագործվող բուսական, կենդանական, հանքային, սինթետիկ կամ կենսատեխնոլոգիական ծագում ունեցող մթերք, հումք, նյութ, արտադրանք և ջուր.
հատուկ նշանակության սննդամթերք՝ համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած չափորոշիչներով սննդամթերք, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից և բավարարում է մարդկանց հետևյալ խմբերի պահանջները՝
- խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,
- մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,
- առողջ մանուկների և երեխաների:
Հատուկ նշանակության սննդամթերքը ներառում է նաև բուժիչ նշանակությամբ սննդամթերքը.
սննդի շղթա (արտադրության և շրջանառության փուլեր)՝ սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը՝ նախնական արտադրությունից մինչև սպառում: Սննդի շղթան ընդգրկում է նաև սննդամթերքի կամ պարենային հումքի հետ շփման մեջ մտնելու համար նախատեսված նյութերը, սննդային հավելումները, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ծառայությունների ոլորտը.
նախնական արտադրություն՝ պարենային հումքի արտադրություն, բուսաբուծության արտադրանքը, ներառյալ` բերքահավաքը, գյուղատնտեսական կենդանիների արտադրությունը՝ մինչև սպանդը, կիթը, ինչպես նաև որսորդությունը, ձկնորսությունը և վայրի բույսերի բերքահավաքը.
մշակում՝ պարենային հումքի մաքրում, տեսակավորում կամ դասակարգում, չորացում, պաղեցում, կտրտում, փաթեթավորում կամ այլ գործողություններ, որոնց միջոցով արտադրանքը նախապատրաստվում է սննդամթերքի վերամշակման կամ պատրաստման մեջ օգտագործելու համար.
սննդամթերքի անվտանգություն՝ երաշխիք, որ սննդամթերքն ըստ նշանակության օգտագործելու դեպքում վնասակար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի և առողջության վրա, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով` տվյալ սննդամթերքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների համար սահմանված տեխնիկական կանոնակարգերին, սանիտարական կանոններին, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և հիգիենիկ նորմերի պահանջներին դրա համապատասխանությամբ.
կեղծված սննդամթերք` սննդամթերք`
- որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
- որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
- որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ, սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
- որի պիտակի վրա առկա է ոչ ճիշտ նշում` սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
- որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու.
ռիսկ (վտանգ)՝ մարդու առողջության վրա սննդամթերքի վնասակար ազդեցության հավանականությունը և այդ ազդեցության աստիճանը.
ռիսկի (վտանգի) վերլուծություն՝ ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի հաղորդակցման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.
ռիսկի (վտանգի) գնահատում` գիտականորեն հիմնավորված գործընթաց, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և վտանգի բնութագրման փուլերից.
ռիսկի (վտանգի) կառավարում` ռիսկի գնահատումից տարբերվող գործընթաց, որով շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները և այլ հիմնավոր գործոններ և անհրաժեշտության դեպքում ընտրվում են վտանգի կանխման ու վերահսկողության միջոցառումներ.
ռիսկի (վտանգի) հաղորդակցում` ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարող մարմինների, սպառողների, սննդի շղթայի փուլերում գործառնություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի միջև վտանգի աղբյուրի, ռիսկի, վտանգին առնչվող գործոնների և վտանգի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների և կարծիքների փոխանակում, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների և ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները.
վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգ՝ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ, որի նպատակն է ռիսկերի նվազեցումը և սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգի կանխարգելումը, վերացումը կամ մինչև թույլատրելի սահման նվազեցումը: Այն ընդգրկում է հետևյալ սկզբունքները`
- վտանգի աղբյուրների վերլուծություն,
- հսկման կրիտիկական կետերի որոշում,
- յուրաքանչյուր հսկման կրիտիկական կետի կրիտիկական սահմանի որոշում և դրա դիտարկման ու վերլուծության համակարգի ստեղծում,
- ի հայտ եկած շեղումների վերացման նպատակով ուղղիչ գործողությունների ծրագրի մշակում,
- վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի արդյունավետությունը ստուգող ընթացակարգերի սահմանում,
- նշված սկզբունքների և դրանց կիրառմանն առնչվող ընթացակարգերի փաստաթղթավորում և գրանցումների համակարգի ստեղծում.
սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգ (վտանգի աղբյուր)՝ սննդի մեջ առկա կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական նյութ և (կամ) սննդամթերքի վիճակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա.
վտանգավոր սննդամթերք` սննդամթերք, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար.
աղտոտիչներ՝ սննդամթերքի բաղադրության մեջ չմտնող քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման ցանկացած նյութ և (կամ) տարր, որը սննդամթերքի հետ կապված գործառնությունների ընթացքում կամ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով հայտնվել է սննդամթերքում կամ սննդային հավելումներում և կարող է վնաս պատճառել մարդու կյանքին և առողջությանը.
մնացորդային նյութեր՝ սննդամթերքի մեջ կամ սննդամթերքի վրա քիմիական և (կամ) կենսաբանական ծագման ցանկացած նյութերի և (կամ) տարրերի, ինչպես նաև դրանց նյութափոխանակման և քայքայման (տրոհման) արդյունքում ստացվող նյութերի և (կամ) տարրերի մնացորդային քանակներ, որոնց որոշակի չափերով օգտագործումը թույլատրված է սննդամթերքի արտադրության առանձին փուլերում, մասնավորապես նախնական արտադրության փուլում.
սննդային հավելումներ՝ սովորաբար որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութեր, անկախ դրանց սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական և (կամ) այլ հատկանիշներ ստանալու համար.
մակնշում՝ սննդամթերքին առնչվող տեղեկատվության, բառի, տարրի, ապրանքային նշանի, անվանման, խորհրդանիշի զետեղումը սննդամթերքի հետ շփվող նյութերի, պիտակի կամ ուղեկցող փաստաթղթերի վրա.
սննդամթերքի հետ շփվող նյութեր՝ սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում և անմիջական շփման մեջ է սննդամթերքի հետ.
սննդային արժեք՝ սննդամթերքի բաղադրիչ մասերը՝ սննդանյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, վիտամիններ և հանքային նյութեր) գնահատելու համար ընդունված հասկացություն, որի գումարելիներն են էներգետիկ և կենսաբանական արժեքները, որոնք՝
- օրգանիզմում քայքայվելով` առաջացնում են էներգիա (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրատներ), կազմում են սննդամթերքի էներգետիկ արժեքը և արտահայտվում են կալորիաներով կամ ջոուլներով,
- էներգիա չեն առաջացնում, սակայն մասնակցում և կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը (վիտամիններ, հանքային աղեր, այդ թվում՝ միկրոէլեմենտներ և ջուր) և կազմում են սննդամթերքի կենսաբանական արժեքը.
տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով պարենային հումքը ենթարկվում է որոշակի տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման.
տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք ապահովում են տվյալ տեխնոլոգիական գործընթացում նախատեսված գործելակարգի (ռեժիմի) իրականացումը.
տեխնոլոգիական հրահանգ՝ արտադրողի հաստատած փաստաթուղթ, որում ամրագրվում են ըստ բաղադրագրի տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը), տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը և դրանց իրականացման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները.
գենետիկորեն ձևափոխված մթերք՝ հետևյալ երեք տեսակի մթերքները՝
- որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը,
- կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքը,
- սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքի և (կամ) կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքի և (կամ) դրանց առանձին մասերի օգտագործումից ստացված մթերքը.
շուկա հանել (շուկայահանել)` արտադրանքը իրացնելը կամ այլ ձևով փոխանցելը կամ ցանկացած այլ տեսակի փոխանցման համար առաջարկելը.
հետագծելիություն` սննդի շղթայի բոլոր փուլերում սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնակերի և նախնական արտադրության արդյունքի շարժին հետևելու հնարավորություն.
խմբաքանակ՝ իրացման համար միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործնականորեն նույն պայմաններում արտադրած (պատրաստած) կամ փաթեթավորած սննդամթերքի միավորների որոշակի քանակություն, որն ուղեկցվում է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.
լիազոր մարմին` սննդամթերքի անվտանգության բնագավառում առանձին գործառույթներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման կամ այլ մարմին: