Հոդված 10. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվության տրամադրումը
Հոդված 10. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվության տրամադրումը
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-16-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով և շրջիկ առևտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) իրենց կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվություն են տրամադրում լիազոր մարմնին:
2. Տեղեկատվությունը տրամադրվում է հետևյալ ժամկետներում`
1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.
2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո գործառնություններ սկսող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` մինչև գործառնություններ սկսելը:
3. Ներկայացվող տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`
1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գործառնության տեսակը.
2) գործունեության իրականացման վայրը:
4. Ներկայացված տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում այդ մասին լրացուցիչ տեղեկացվում է լիազոր մարմնին:
5. Տնտեսավարողը նշված տեղեկատվությունը կարող է փոխանցել անձամբ լիազոր մարմնին հանձնելու, փոստային նամակի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
6. Լիազոր մարմինը ստեղծում է սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների տեղեկատվական բանկ, որում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գործառնության տեսակը.
2) գործունեության իրականացման վայրը:
(10-րդ հոդվածը խմբ. 07.02.12 ՀՕ-16-Ն)