Հոդված 9. Արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների անվտանգության հիմնավորման ընթացակարգը
Հոդված 9. Արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների անվտանգության հիմնավորման ընթացակարգը
1. Արգելվում է որևէ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց դրանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայության և հետագծելիության հնարավորության:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերն են՝
ա) համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը (տեխնիկական կանոնակարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կառավարության սահմանած համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկով նախատեսված սննդամթերքի համար).
բ) կենդանական ծագման պարենային հումքի համար՝ անասնաբուժասանիտարական նորմերին դրա համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը:
2. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը և սննդամթերքի հետ շփվող նյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման՝ օրենքով սահմանված կարգով:
Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկը հաստատում է կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կենդանական ծագման սննդամթերքը, համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է պարտադիր փորձաքննության:
4. Հայաստանի Հանրապետությունում իրացվող բուսական ծագման սննդամթերքը, համաձայն «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է բուսասանիտարական ստուգման:
5. Սննդամթերքի առևտուրը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին: