Հոդված 20. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից վերաարտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը
Հոդված 20. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից վերաարտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը
1. Հայաստանի Հանրապետության սահմանային կետերից բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծումը թույլատրվում է միայն բուսասանիտարական զննում և ստուգում անցկացնելուց հետո:
2. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մաքսային ձևակերպումը կատարվում է միայն բուսասանիտարական ստուգումից հետո` բուսասանիտարական կանոնները և նորմերը բավարարող ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
3. Գյուղատնտեսական, անտառային ու գեղազարդային բույսերի և բուսական արտադրանքի` Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, տեսչության տված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, բացառությամբ մինչև 50 կգ-ի, իսկ սահմանամերձ տարածքներից տվյալ տարածքին բնորոշ բույսերի և բուսական արտադրանքի համար` մինչև 500 կգ-ի (բացի սերմնանյութից ու տնկանյութից): Սահմանամերձ տարածքների և թույլատրվող մշակաբույսերի անվանացանկը և քանակները հաստատում է լիազոր մարմինը:
3.1 Եթե տեսուչի կողմից արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագիրը մերժվում է, ապա ներմուծման բուսասանիտարական հավաստագիր չի տրվում, և բուսասանիտարական հավաստագրի բոլոր օրինակների առաջին էջում պետական տեսուչը դնում է լիազոր մարմնի հաստատած ձևի կնիք, որի վրա նշված է «Մերժված է» բառը, և նշում իր անունը, ազգանունը, պաշտոնը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հսկիչ կետի անվանումը և ստորագրում այն:
4. Ցուցահանդեսում ցուցադրության նպատակով ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները բուսասանիտարական ստուգում, զննում ու բուսասանիտարական փորձաքննություն են անցնում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում և ցուցահանդեսի կազմակերպման վայրերում:
5. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց ձեռքի ուղեբեռներում առկա բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները ներկայացնել բուսասանիտարական զննման: Կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում տեսուչը արգելում է դրանց ներմուծումը:
6. (մասն ուժը կորցրել է 18.05.09 ՀՕ-136-Ն)
7. Տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների 50 կգ ավելի յուրաքանչյուր խմբաքանակի, սերմնանյութի և տնկանյութի համար՝ անկախ քաշից, անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո կատարում է բեռի ու փոխադրամիջոցի զննում, ստուգում բեռի բուսասանիտարական վիճակը, համապատասխանությունը արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրին և անմիջապես տալիս ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Անհամապատասխանության դեպքում նմուշը ներկայացնում է տեսչության լաբորատորիա կամ հավատարմագրված այլ լաբորատորիա` փորձաքննության, որը կատարվում է 24 ժամվա ընթացքում: Դրական եզրակացության դեպքում անմիջապես տալիս է ներմուծման բուսասանիտարական հավաստագիր:
8. Տեսուչը մաքսային սահմանի անցումային կետերում ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննումը կատարում է մինչև մաքսային զննման նպատակով տրանսպորտային միջոցների բեռնաթափումը, իսկ անհրաժեշտության դեպքում բուսասանիտարական փորձաքննության համար փորձանմուշ վերցվում է մաքսային պահեստում բեռնաթափումից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
9. Բույսերի կարանտին և վնասակար այլ օրգանիզմներով վարակված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները, որոնց նկատմամբ հնարավոր չէ ձեռնարկել վարակազերծման և մաքրման արդյունավետ միջոցներ, բեռան տիրոջ ընտրությամբ ենթակա են վերադարձման կամ ոչնչացման, որի մասին տեսուչը Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետում կազմում է լիազոր մարմնի սահմանած ձևի ակտ:
10. Տեսուչը ներմուծվող բուսասանիտարական զննում կամ փորձաքննություն անցած բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է համապատասխան դրոշմակնիք ու կնիք, որոնց ձևերը սահմանում է լիազոր մարմինը, իսկ հավաստագրի հակառակ երեսին ձեռագրով նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը:
11. (մասն ուժը կորցրել է 18.05.09 ՀՕ-136-Ն)
12. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետում տեսուչի կազմած փաստաթղթերի (հավաստագիր, ակտ) մեկ օրինակը կցվում է ապրանքն ուղեկցող փաստաթղթերին, իսկ մեկ օրինակը պահվում է տեսուչի մոտ:
13. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաարտահանման դեպքում վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան.
14. Բեռի վերաարտահանման դեպքում բեռը վերաարտահանողը հայտ է ներկայացնում տեսչություն վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար` ներկայացնելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա պատճենը և Հայաստանի Հանրապետություն ներմուծման բուսասանիտարական հավաստագիրը:
15. Նախքան վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը տեսուչը ստուգում է բեռի ծագման երկրի տված բուսասանիտարական հավաստագիրը:
16. Եթե բեռը վերաարտահանվող է, և բեռի ծագման երկրի բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջները համապատասխանում են, ապա տեսուչը առանց լրացուցիչ ստուգման տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր՝ կցելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը և այն գրանցում հավաստագրերի տրամադրման գրանցամատյանում:
17. Եթե վերաարտահանվող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով սահմանված են հատուկ պահանջներ, ապա տեսուչն անցկացնում է բեռի լրացուցիչ ստուգում, որի հիման վրա տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր:
18. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով սահմանված են լրացուցիչ հատուկ պահանջներ, իսկ արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրում բացակայում են այդ պահանջներին համապատասխանության մասին նշումները, ապա վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում:
19. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակը ուղեկցում է բեռը մինչև նշանակման վայրը, մեկ օրինակը պահվում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը` տեսչությունում:
(20-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)