Հոդված 18. Բույսերի կարանտինի սահմանումը
Հոդված 18. Բույսերի կարանտինի սահմանումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների հայտնաբերման, վերացման և տարածման կանխարգելման նպատակով բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության իրականացրած մոնիթորինգի և դրա արդյունքում տրված եզրակացության հիման վրա լիազորված մարմինը կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
2. Բույսերի կարանտինը սահմանվում է հանրապետության, մարզի, համայնքի, բնակավայրերի կամ կազմակերպության տարածքում կամ դրանց մի մասում:
3. Եզրակացության մեջ նշվում են հայտնաբերված վնասակար օրգանիզմները, դրանց տարածման աստիճանը, հնարավոր վնասի գնահատումը, կարանտինի սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը, դրանք իրականացնող մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությունը կարանտին միջոցառումներին:
4. Լիազորված մարմնի որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
5. Լիազորված մարմինը հաստատում է կարանտին միջոցառումների ցանկը:
6. Բույսերի կարանտին սահմանման դեպքում արգելվում և սահմանափակվում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը կարանտին գոտի:
7. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության տարածքային ստորաբաժանումը կարանտին գոտում իրականացնում է բուսասանիտարական միջոցառումներ` ուղղված կարանտին օրգանիզմների ոչնչացմանը, կարգավորվող առարկաների վարակազերծմանը` կանխելով կարանտին օրգանիզմների տարածումը Հայաստանի Հանրապետության տարածք:
8. Բույսերի կարանտին հսկողություն սահմանված գոտիներից բույսերի և բուսական արտադրանքի, սերմերի, տնկանյութի արտահանումը կատարվում է միայն բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության հսկողության ներքո:
9. Առանց բուսասանիտարական հավաստագրի առկայության արգելվում է կարանտին սահմանված գոտուց սերմերի, տնկանյութի արտածումը: Առանց հավաստագրի արտածված ապրանքները ենթակա են վարակազերծման, անհրաժեշտության դեպքում՝ ոչնչացման:
10. Արգելվում է կարանտին գոտում առանց բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության տված ակտի, չհետազոտված, կարանտին վնասակար օրգանիզմներով, ինչպես նաև վարակված բազմամյա տնկարկներին հարող տարածքներում տնկարանի հիմնումը և չհետազոտված տարածքներից պատվաստակալների և պատվաստացուների մթերումը:
11. Յուրաքանչյուր տնկարանային տնտեսություն պարտադիր պետք է ունենա կարանտին հսկողության մատյան` աճեցված և իրացված տնկանյութի կարանտին հետազոտությունների արդյունքները և կարանտին վնասակար օրգանիզմների բացակայության, պարտադիր կատարման միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները գրանցելու համար:
12. Կարանտին օբյեկտ հանդիսացող բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտադրությամբ, մթերմամբ, փոխադրմամբ, պահեստավորմամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումները կազմակերպում և անցկացնում են բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության անմիջական հսկողության ներքո: