Հոդված 8. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման եզրակացություն տալու կարգը
Հոդված 8. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման եզրակացություն տալու կարգը
1. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման նպատակով լիազորված մարմինը հայտատուի դիմումում նշված բույսերի պաշտպանության միջոցների յուրաքանչյուր տեսակի համար բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, տալիս է եզրակացություն:
2. Բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
3. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցների մասին:
4. Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են`
1) դիմում,
2) ֆիզիկական անձինք` անձնագրի, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ վկայականի պատճենները,
3) իրավաբանական անձինք՝ պետական գրանցման վկայականի պատճենը,
4) ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը):
5. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երեք օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազորված մարմնի մոտ, մյուս օրինակները տրվում են հայտատուին:
6. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր կողմից ներկայացված սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
7. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
8. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են հանդիսանում սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության բացասական արդյունքները: