Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
բույսեր՝ բույսերն ամբողջությամբ և բույսերի առանձին մասերը, այդ թվում` սերմերը, սաղմը.
բույսերի կարանտին՝ բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համալիր, որի նպատակն է կանխել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար առանձնապես վնասակար օրգանիզմների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաև բացահայտել, մեկուսացնել և վերացնել դրանցով վարակված օջախները.
բույսերի պաշտպանության միջոցներ՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ.
բուսական արտադրանք` բուսական ծագման չվերամշակված նյութ (ներառյալ` հացահատիկը), ինչպես նաև վերամշակված մթերքներ (բացառությամբ ջերմամշակում անցածների), որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման վտանգ.
բուսասանիտարական հավաստագիր` հավաստագիր, որը պատրաստված է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի նմուշին համապատասխան և հավաստում է, որ բեռը համապատասխանում է բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջներին.
բուսասանիտարական վտանգի վերլուծություն` կենսաբանական և տնտեսական տվյալների գնահատում` վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու և դրա դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.
բուսասանիտարական կանոններ և նորմեր` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բուսասանիտարական պահանջներ, ինչպիսիք են զննումը, ստուգումը, փորձաքննությունը, վերլուծությունը, վերահսկողությունը կամ մշակումը, որոնք կիրառվում են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակման, առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրության կամ ներմուծման նպատակով.
բույսերի պաշտպանություն՝ բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում (այդ թվում` վնասակար օրգանիզմների դեմ) քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում, ինչպես նաև շրջակա միջավայրի, բույսերի և կենդանիների պաշտպանությանն ուղղված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, միջոցառումների համալիր.
բուսասանիտարական զննում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով.
բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեսական նշանակություն ունեցող վնասակար օրգանիզմ, որում նա դեռևս բացակայում է կամ առկա է, սակայն սահմանափակ է տարածված և պայքարի օբյեկտ է ու պաշտոնապես հսկվում է.
բույսերի վնասակար օրգանիզմ՝ բույսերի, բուսական արտադրանքի համար վնասակար օրգանիզմների՝ հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի ցանկացած տեսակ.
բույսերի կարանտին գոտի՝ տարածք, որտեղ գոյություն ունեն կարանտին վնասակար օրգանիզմներ, որոնց հետագա տարածումը կանխարգելու և վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն և անցկացվում են բուսասանիտարական պայքարի միջոցառումներ.
բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ՝ ոչ կարանտին վնասակար օրգանիզմ, որի առկայությունը տնտեսական վնաս է հասցնում սերմանյութի և տնկանյութի նպատակային օգտագործմանը և որը հսկվում է ներմուծող երկրի կողմից.
բույսերի ներմուծման թույլտվություն՝ տվյալ ապրանքի ներմուծման համար ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջները ապահովելու նպատակով արտահանող երկրին տրվող պաշտոնական փաստաթուղթ.
բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքար՝ կարանտին վնասակար օրգանիզմների սերնդատվության ճնշման, տեղայնացման կամ վերացման, ինչպես նաև կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման նպատակով բուսասանիտարական կանոնների պարտադիր կիրառում.
բուսասանիտարական վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենքով բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (տեսուչի) կողմից իրականացվող բուսասանիտարական ստուգում, որը նպատակաուղղված է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և հետագա տարածման կանխարգելմանը կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը, առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրությանը կամ ներմուծմանը, պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված բույսերի պաշտպանության միջոցների իրացման և օգտագործման բացառմանը.
բույսերի սահմանային կարանտին հսկիչ կետ՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում գործող բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (այսուհետ` տեսչություն) ստորաբաժանում, որը պետական սահմանում իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման և արտահանման ժամանակ բուսասանիտարական վերահսկողություն, ինչպես նաև պաշտպանում է Հայաստանի Հանրապետության տարածքն օտարերկրյա պետություններից բույսերի համար վնասակար օրգանիզմների ներթափանցումից.
կարգավորվող առարկա (կարանտին օբյեկտ)` ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորման նյութ, տրանսպորտային միջոց, բեռնարկղ, հող և ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել վնասակար օրգանիզմ, և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական միջոցառումներ.
բուսասանիտարական փորձաքննություն` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների լաբորատոր հետազոտություն՝ վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով.
բուսասանիտարական ստուգում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննում և (կամ) բուսասանիտարական փորձաքննություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև փաստաթղթերում ներկայացված տվյալների համապատասխանությունը որոշելու նպատակով.
ներմուծման (արտահանման) բուսասանիտարական հավաստագիր՝ հավաստագիր, որը բուսասանիտարական ստուգման դրական արդյունքների դեպքում տրվում է մաքսային սահմանի անցումային կետերում և հավաստում է ներմուծման (արտահանման) թույլտվությունը.
բուսասանիտարիա` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ.
բուսասանիտարական հաշվառում` բուսասանիտարական վերահսկողության իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալների հավաքում, դասակարգում, պահպանում, թարմացում և օգտագործում.
բուսասանիտարական հաշվառման վկայական` ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող փաստաթուղթ, որը ներառում է նրանց ծածկագիրը, գործունեության տեսակը և գտնվելու վայրը.
բուսասանիտարական միջոցառում` պաշտոնական ընթացակարգ՝ ուղղված կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.
բուսասանիտարական անձնագիր` փաստաթուղթ, որն ուղեկցում է հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաները և հավաստում, որ բեռը ստուգված է ու զերծ կարանտին վնասակար օրգանիզմներից, նաև հիմք է հանդիսանում արտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրման համար.
մոնիթորինգ` բուսասանիտարական իրավիճակի ստուգման պաշտոնական շարունակական գործընթաց.
խմբաքանակ` միևնույն ապրանքի միավորների համակցություն, որոնք տարբերվում են միմյանցից իրենց կազմի համասեռությամբ, ծագմամբ և կազմում են բեռի մաս.
համապատասխանության ստուգում` բուսասանիտարական պահանջներին համապատասխանության ստուգման պաշտոնական ընթացակարգ.
հետազոտություն` պաշտոնական միջոցառում` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմների սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.
վերաարտահանվող բեռ` բեռ, որը ներմուծվող երկրից հետագայում արտահանվում է: Բեռը կարող է պահպանվել, բաժանվել մասերի, խառնվել այլ բեռների հետ կամ վերափաթեթավորվել.
տեսուչ` բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ.
տեսչություն` բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող լիազորված պետական մարմնի ստորաբաժանում.
տարանցիկ փոխադրվող բեռ` բեռ, որը փոխադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով մուտքի մաքսային մարմնից ելքի մաքսային մարմին և ենթարկվում է պաշտոնական ընթացակարգերի, որոնք ապահովում են դրա ամբողջական, առանձնացված և փաթեթավորված պահպանությունը.
սերմնանյութ և տնկանյութ` բույսեր` նախատեսված ցանքի, տնկման, վերատնկման (սածիլավորման) կամ հողում մնալու համար:
(2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)