Հոդված 14. Տեսչության գործառույթները
Հոդված 14. Տեսչության գործառույթները
(վերնագիրը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)
Տեսչությունը կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացնում է՝
1) բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծրագրեր.
2) վերահսկում է ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանող երկրի տված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանությունը.
3) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ, վերահսկողություն է իրականացնում այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ, կատարում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, արդյունքների հիման վրա որոշում կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները և ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը.
5) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
6) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը և այն ներկայացնում լիազորված մարմին՝ հաստատման.
7) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.
8) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային և պահեստային տարածքներում, այլ կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների նկատմամբ.
9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
10) վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական հողերից, ոռոգման ջրից, բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից փորձաքննության նպատակով կատարվող նմուշառման, հողերի մշակության, սերմնանյութերի և տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում որակի բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.
11) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 18.05.09 ՀՕ-136-Ն)