Հոդված 14. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության գործառույթները
Հոդված 14. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության գործառույթները
Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչությունը իրականացնում է՝
1) բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծրագրեր.
2) վերահսկում է ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանող երկրի տված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանությունը.
3) իր լիազորությունների սահմաններում վերահսկում է բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացը, ինչպես նաև ստուգում է բուսական արտադրանքում պեստիցիդների, նիտրատների և քիմիական այլ միջոցների մնացորդային թույլատրելի քանակը.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը պայքարի համապատասխան միջոցառումներով կանխարգելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ.
5) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
6) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը և այն ներկայացնում լիազորված մարմին՝ հաստատման.
7) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.
8) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային և պահեստային տարածքներում, այլ կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացմանը.
9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվություն և ներմուծման, արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
10) վերահսկողություն է իրականացնում հողերի մշակության, սերմնանյութերի, տնկանյութերի արտադրության, ներմուծման, իրացման, դրանց որակի ստուգման, պարարտանյութերի օգտագործման, բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարի նկատմամբ: