Հոդված 21. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը
Հոդված 21. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը
1. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանումն իրականացվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան և թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռան համար տեսուչի կողմից:
2. Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կատարում է բեռի ստուգում և տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես:
3. Արտահանվող բեռների բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սկզբնական բեռնման տեղերում կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում:
4. Արտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից առաջին օրինակը տրվում է առաքողին, իսկ մյուսները մնում են սահմանի մաքսային մարմնում և պետական տեսչությունում:
5. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրվում է, եթե դրանք համապատասխանում են ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին:
6. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրը համարվում է անվավեր, եթե դրանում առկա են չվավերացված փոփոխություններ և ուղղումներ:
7. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 14 օր՝ տրված օրվանից մինչև երկրի սահմաններից դուրս բերելը:
8. Տեսուչն արտահանվող բուսասանիտարական ստուգում անցած բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է համապատասխան դրոշմակնիք.
9. Բեռն արտահանողը պարտավոր է պահպանել բեռի բուսասանիտարական վիճակը՝ բուսասանիտարական հավաստագիր ստանալու պահից մինչև բեռի նշանակման վայր հասցնելը:
10. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով հատուկ պահանջներ են սահմանված տվյալ բեռի համար, ապա բուսասանիտարական հավաստագիրը տրվում է միայն դրանք բավարարելու դեպքում: Բուսասանիտարական հավաստագրի «Լրացուցիչ պահանջներ» բաժնում կատարվում է նշում՝ ներկայացված հատուկ պահանջները բավարարելու մասին:
(21-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 18.05.09 ՀՕ-136-Ն)