Հոդված 1. 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 1. 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ընթացիկ փուլի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական նպատակներն են`
- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը.
- արտադրական ենթակառուցվածքների (կապ, էներգետիկա, տրանսպորտ և այլն) ոլորտի մասնակի սեփականաշնորհումը.
- միջազգային մրցույթների ավելի լայն կիրառումը.
- գյուղատնտեսական հումքի վերամշակման և թեթև արդյունաբերության ճյուղերում սեփականաշնորհման հիմնականում ավարտումը.
- սեփականաշնորհման և ապապետականացման մեթոդների զարգացումը.
- անավարտ շինարարության (այդ թվում` բնակելի) օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ավարտումը.
- սեփականաշնորհման և ապապետականացման ծավալների ընդլայնման համար նպաստավոր պայմանների և կազմակերպական կառուցվածքների ստեղծումը.
- օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, մրցակցային միջավայրի ստեղծմանը նպաստելը:
Ելնելով նշված նպատակներից, ծրագրում առաջադրված են հետևյալ խնդիրները`
- կարգավորել և կազմակերպել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը.
- մշակել սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացակարգը.
- կիրառել տնտեսության մենաշնորհային ենթակառուցվածքներում սեփականաշնորհման և ապապետականացման ձևերը` որպես տնտեսական քաղաքականության արդյունավետ գործիք.
- ստեղծել հասարակական ծառայությունների ձեռնարկություններ` տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող ձեռնարկությունների և օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջոցով.
- օտարերկրյա կապիտալի հնարավորին չափ ներգրավումով իրականացնել բնական մենաշնորհների (կապ, էներգետիկա և այլն) ոլորտների սեփականաշնորհումը և ապապետականացումը.
- տնտեսության մենատեր ոլորտներում սեփականաշնորհումն ու ապապետականացումը կիրառել որպես հակամենաշնորհային քաղաքականության վարման միջոց.
- սահմանել`
ա) սեփականաշնորհման և ապապետականացման նպատակային ցուցանիշները.
բ) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղիները, ընտրության սկզբունքները, նախապատվությունները և սահմանափակումները.
գ) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները.
դ) սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին: