Հոդված 11. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 11. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) ռազմական դրություն հայտարարվելուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.
բ) իր իրավասությունների սահմաններում ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը.
գ) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.
դ) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության և բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.
ե) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ.
զ) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները.
է) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ.
ը) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը.
թ) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ: