Հոդված 4
Հոդված 4
Տոկոսավճարների հաշվարկումն ու վճարումը
1. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված Վերաձևակերպվող գումարի վրա 2004 թվականի հուլիսի 1-ից սկսած կհաշվարկվեն տոկոսներ տարեկան 3% դրույքաչափով:
2. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված Վերաձևակերպվող գումարի վրա 2002 թվականի փետրվարի 12-ի Համաձայնագրով սահմանված համապատասխան վճարման ամսաթվից սկսած կհաշվարկվեն տոկոսներ տարեկան 3% դրույքաչափով:
3. Տոկոսավճարները կհաշվեգրվեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ` տարին 360 օր հաշվարկով լրացած օրերի փաստացի քանակի հիման վրա, և կվճարվեն ԱՄՆ դոլարով` հետևյալ ժամկետներում.
ա) տոկոսավճարները, որոնք հաշվարկվում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն մարվող Վերաձևակերպվող գումարի վրա, կվճարվեն համապատասխան Վերաձևակերպվող գումարի մարման գծով վճարումների հետ միաժամանակ,
բ) տոկոսավճարները, որոնք հաշվարկվում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մարվող Վերաձևակերպվող գումարի վրա, կվճարվեն յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին և մարտի 1-ին. ընդ որում` տոկոսավճարների մարման գծով առաջին վճարումը կիրականացվի 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ վերջին վճարումը կիրականացվի համապատասխան Վերաձևակերպվող գումարի մարման գծով վերջին վճարման հետ միաժամանակ: