Հոդված 5
Հոդված 5.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ հոդվածով՝
«Հոդված 7.1. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր), արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք և նրանց գործունեությունը
1. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձը (արժութային դիլեր-բրոքերը) իրավաբանական անձ է, որն իրավունք ունի Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա իրականացնելու արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն:
Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն է համարվում օրենքին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը՝ անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը: Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքով կարող են զբաղվել նաև իրենց անունից և իրենց հաշվին:
«Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «արժութային դիլեր-բրոքեր» կամ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեությունը և դրանք իրականացնողներին արտահայտող այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաև արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակներ կարող են օգտագործել միայն արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
Արգելվում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «արժութային դիլեր-բրոքեր» կամ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեությունը և դրանք իրականացնողներին արտահայտող այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաև արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակների օգտագործումը:
2. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով:
Խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առևտրի կենտրոնում՝ միայն առևտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:
«Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերը, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակները կարող են օգտագործել միայն արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք և դրանց մասնաճյուղերը:
Արգելվում է արտարժույթի առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերի, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակների օգտագործումը:
3. Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ:
4. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձանց գործունեության կանոնները, կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը»: