Հոդված 3
Հոդված 3.
Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում
1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն`
- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները.
- հրաձգարանները և ռազմական կառույցները.
- դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող ընկերությունները (ձեռնարկությունները).
- հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները.
- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ճյուղերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ընկերությունները (ձեռնարկությունները).
- պետական ռեզերվների ու մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները և սառնարանները.
- սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառտնտեսության պաշտպանության ծառայությունների ընկերությունները (ձեռնարկությունները).
- ցեղական անասունների բուծման պետական տոհմային ընկերությունները (ձեռնարկությունները) և կենտրոնները, մշակաբույսերի սորտափորձարկման պետական հենակետերը, պետական սերմտեսչության լաբորատորիաները, մշակաբույսերի էլիտային սերմնաբուծական ընկերությունները (ձեռնարկությունները), պետական տնկարանները.
- ստանդարտացման և չափագիտության ծառայությունների ընկերությունները (ձեռնարկությունները).
- երկաթուղիները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը.
- ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ընկերությունները (ձեռնարկությունները).
- ուղղիչ աշխատանքային հիմնարկների ընկերությունները (ձեռնարկությունները).
- հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները,
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտամանկավարժական ինստիտուտները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`
ա) պետական մարմինների վարչական շենքերում և շինություններում.
բ) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում (դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ և այլն).
գ) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այդ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալական հիմունքներով: