Հոդված 30. Համայնքի ղեկավարի գործունեությունը հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում
Հոդված 30. Համայնքի ղեկավարի գործունեությունը հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում
Հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
1) սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագիծը և հողերի օգտագործման սխեման և դրանք համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո ներկայացնում է մարզպետին (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
2) համայնքի գլխավոր քաղաքաշինական հատակագծին համապատասխան հաստատում է համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը և իրականացնում կառուցապատման աշխատանքները (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
3) անվանում և վերանվանում է համայնքի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
4) սահմանում է տների, շենքերի և այլ շինությունների համարակալումը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը):
5) համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողերը.
6) տալիս է համայնքի տարածքում շինարարության, շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ (ներառյալ` ժամանակավոր) օբյեկտների վերականգնման, վերակառուցման, արդիականացման (բացառությամբ ներքին ընթացիկ վերանորոգման և հարդարման) և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվություն.
7) տալիս է համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման աշխատանքները սկսելու թույլտվություն.
8) համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) աջակցում է անշարժ գույքի կադաստրի վարմանը.
2) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը (սույն լիազորությունը, բացառությամբ մինչև 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ժամանակավոր շինությունների համար վարձակալության տալու դեպքերի, չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը):
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`
1) իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը:
(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.12.97 ՀՕ-184)