Հոդված 7
Հոդված 7.
Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 115. Դատական նիստի ժամանակ դատարանի կողմից կիրառվող սանկցիաները
1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների, դատավարության այլ մասնակիցների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ դատական սանկցիաները.
1) նախազգուշացում.
2) նիստերի դահլիճից հեռացնելը.
3) դատական տուգանք.
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:
2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:
3. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:
4. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:
5. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:
6. Դատական տուգանքը կիրառվում է գործին մասնակցող անձանց, փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների և դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ կիրառվում են բացառապես սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան հրապարակման պահից երեք օրվա ընթացքում:
9. Դատական սանկցիայի կիրառումը արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցների ենթարկելու համար:»: