Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է:
2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների` սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, հայտարարագրերը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը օրենքի խախտման համար:
3. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որը բաղկացած է`
ա) սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և սահմաններում.
գ) պետական կառավարման մարմինների ընդունած ակտերից` Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում: