Հոդված 28. Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 28. Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ունի աշխատանքի, սոցիալական ապահովության իրավունք, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օգտվել ապահովագրական ծառայություններից:
Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում աշխատում է պայմանագրային կարգով: Օտարերկրյա քաղաքացու աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին:
Օտարերկրյա քաղաքացու աշխատանքի ժամկետը ավարտվում է կացության ժամկետի ավարտման հետ միաժամանակ:
Կացության սովորական կարգավիճակ ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին կարող է առանց տուրք մուծելու Հայաստանի Հանրապետություն ներմուծել անհատական գործածության իրեր, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա, տնային գույք: Սեփականություն հանդիսացող այլ գույք ներմուծելիս օտարերկրյա քաղաքացին վճարում է մաքսատուրք` օրենքով սահմանված կարգով:
Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին տարին մեկ անգամ ներկայանում է գրանցման, տարվա ընթացքում չի կարող բացակայել Հայաստանի Հանրապետությունից վեց ամսից ավելի ժամկետով, եթե նախօրոք չի ստացել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գրավոր համաձայնությունը` պայմանով, որ այն չի գերազանցում մեկ տարվա անընդմեջ ժամկետը, մուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարեկան վճար:
Կացության սովորական կարգավիճակով Հայաստանի Հանրապետությունում երեք տարի բնակված օտարերկրյա քաղաքացին կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս դեպքում նրա կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգվում է մեկ տարով, որի ընթացքում նա առանց ներքին գործերի նախարարության գրավոր թույլտվության չի կարող բացակայել հանրապետությունից: