Հոդված 14. Հասարակական կազմակերպության պետական գրանցումը
Հոդված 14. Հասարակական կազմակերպության պետական գրանցումը
Հասարակական կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է արդարադատության նախարարությունը:
Հասարակական կազմակերպությունը պետական գրանցման նպատակով արդարադատության նախարարություն է դիմում հիմնադիր համագումարի (համաժողովի) կամ ժողովի ավարտից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:
Հասարակական կազմակերպությունը պետական գրանցման նպատակով արդարադատության նախարարություն է ներկայացնում`
1) պետական գրանցման մասին դիմում.
2) հիմնադիր համագումարի (համաժողովի) կամ ժողովի արձանագրության պատճենը.
3) հիմնադիրների անձնագրային տվյալները.
4) կանոնադրության 4 օրինակ` ստորագրված կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձի (անձանց) կողմից.
5) ղեկավար պաշտոնատար անձանց անձնագրային տվյալները.
6) փաստաթուղթ` իրեն գտնվելու վայր տրամադրելու համաձայնության մասին.
7) մուծած պետական տուրքի անդորրագիրը:
Հասարակական կազմակերպությունների միությունների գրանցման համար ներկայացվում է նաև հասարակական կազմակերպությունների միություն ստեղծելու մասին հասարակական կազմակերպության համապատասխան մարմնի որոշման պատճենը:
Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու մասին գրանցման մատյանում գրառում կատարելուց հետո 30 օրվա ընթացքում պարտավոր է քննարկել հասարակական կազմակերպության պետական գրանցման մասին դիմումը և որոշում կայացնել հասարակական կազմակերպության պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու մասին: Պետական գրանցման համար սահմանված ժամկետում հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելու դեպքում հասարակական կազմակերպությունը համարվում է գրանցված: Պետական գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո երեք օրվա ընթացքում արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությանը հանձնում է հասարակական կազմակերպության պետական գրանցման մասին վկայականը կամ պետական գրանցումը մերժելու մասին որոշման պատճենը` նշելով մերժման հիմքերը:
Հասարակական կազմակերպությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
Հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում սույն հոդվածով սահմանված կարգով պետական գրանցման պահից: