Հոդված 32. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 32. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կատարողների իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե`
ա) կատարողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
բ) առաջին կատարումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում.
գ) կատարումն ամրագրված է հնչյունագրի (կամ տեսագրության) տեսքով և կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողների իրավունքները պահպանվում են սույն հոդվածի երկրորդ մասով.
դ) կատարումն ամրագրված չէ հնչյունագրի (կամ տեսագրության) կամ տեսագրության տեսքով, բայց ընդգրկված է հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների մեջ, և վերջիններիս իրավունքները պահպանվում են սույն հոդվածի երրորդ մասով:
Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողների իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե`
ա) կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրավաբանական անձ է, որը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կազմակերպություն է.
բ) հնչյունագիրը կամ տեսագրությունն առաջին անգամ հրապարակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ այդ տարածքում հրապարակվել է առաջին անգամ այլ վայրում հրապարակվելուց հետո` երեսուն օրվա ընթացքում.
գ) կատարման կամ տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հաղորդումներ հեռարձակող կազմակերպության իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ է, և հաղորդումները հեռարձակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված հաղորդիչներով:
Այլ կատարողների, կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողների և հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունների իրավունքները Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն: