Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
բացառիկ իրավունք` մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ գույքային իրավունքներ տիրապետողի մտավոր սեփականության այդ օբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած ձևով և եղանակով օրինաչափ օգտագործելու իրավունքը: Այլ անձանց կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը թույլատրվում է միայն բացառիկ իրավունքի իրավատիրոջ համաձայնությամբ: Բացառիկ իրավունքներ տիրապետողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի.
բացահայտում` հեղինակի կամ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների այլ իրավատիրոջ համաձայնությամբ ստեղծագործությունը, հնչյունագիրը (կամ տեսագրությունը) հրատարակման, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, հեռարձակման կամ այլ եղանակով լույսընծայման միջոցով համընդհանուր իմացության համար (անձանց անորոշ շրջանակին) առաջին անգամ մատչելի դարձնելու գործողություն.
լույսընծայում (հրապարակում)` հեղինակի կամ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների այլ իրավատիրոջ համաձայնությամբ ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) ցանկացած միջոցներով պատրաստված օրինակները շրջանառության մեջ մտցնելը, եթե վերջիններիս մատչելիությունը բավարարում է հասարակության ողջամիտ պահանջները` հաշվի առնելով ստեղծագործության կամ հնչյունագրի (կամ տեսագրության) բնույթը: Լույսընծայում է համարվում նաև ստեղծագործությունը կամ հնչյունագիրը (կամ տեսագրությունը) տեղեկատվության էլեկտրոնային համակարգերի միջոցով հասարակությանը մատչելի դարձնելը: Լույսընծայում չի համարվում դրամատիկական, երաժշտադրամատիկական, տեսալսողական կամ երաժշտական ստեղծագործության կատարումը, գրական ստեղծագործության ասմունքը, գրական կամ արվեստի ստեղծագործության հեռարձակումը, արվեստի ստեղծագործության ցուցադրումը և ճարտարապետության ստեղծագործության կառուցումը.
կոլեկտիվ ստեղծագործություն` ֆիզիկական կամ իրավաբանական անձի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ երկու կամ ավելի անձանց ստեղծած ստեղծագործություն.
կատարող` դերասան (թատրոնի, կինոյի և այլնի), երգիչ, երաժիշտ, խմբավար, պարող կամ այլ անձ, որը դեր է կատարում, երգում է, ասմունքում, կարդում, նվագում, կատարում է արվեստի կամ գրական ստեղծագործություններ, կրկեսային, տիկնիկային, էստրադային և համանման այլ ներկայացումներ.
կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է որևէ կատարման, տեսալսողական ստեղծագործության կամ հնչյունների առաջին ամրագրումը հնչյունագրի, տեսագրության կամ տեսաձայնագրության տեսքով.
հեղինակ` ֆիզիկական անձ, ում ստեղծագործական աշխատանքի արդյունքը ստեղծագործությունն է.
հնչյունագիր (ֆոնոգրամ)` կատարումների հնչյունների կամ այլ հնչյունների կամ դրանց թվային կամ որևէ այլ ձևով ներկայացման ամրագրում` բացառապես ունկնդրելու համար, ցանկացած եղանակով և ցանկացած նյութական կրիչի վրա.
հաղորդում (տեղեկացում)` ստեղծագործության կատարման, հնչյունագրի, տեսագրության, հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) ցուցադրում, կատարում, հեռարձակում կամ որևէ այլ գործողության կատարում (բացառությամբ ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) օրինակների տարածման), որի միջոցով դրանք ունկնդրելի կամ տեսանելի են դառնում անկախ նրանից` հասարակությունը (երրորդ անձինք) դրանք իրականում ընկալում է (են), թե ոչ.
հեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով հեռարձակում եթեր), որ այդ պատկերները կամ հնչյուններն ընկալի հասարակությունը (երրորդ անձինք): Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը (երրորդ անձանց) տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ.
հեռարձակող կազմակերպության հաղորդում (ծրագիր)` տարածման համար նախատեսված պատկերներ և (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջություն, որն ստեղծել է եթերային կամ կաբելային հեռարձակման կազմակերպությունը, կամ նրա պատվերով և միջոցներով` այլ կազմակերպություն.
հրապարակային կատարում` ստեղծագործության, կատարման, հնչյունագրի, հեռարձակող կազմակերպության հաղորդման մատուցում ասմունքի, խաղի, երգի, պարի կամ այլ միջոցներով և ձևերով, ինչպես անմիջական (կենդանի կատարում), այնպես էլ ցանկացած սարքերի կամ գործընթացների օգնությամբ այն տեղերում, որտեղ այդ մատուցումը կարող է ընկալվել առանց սույն հոդվածի տասնչորսերորդ մասով նախատեսված հրապարակային հաղորդում իրականացնելու անհրաժեշտության, և որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում.
հրապարակային ցուցադրում` ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի, կատարման, հեռարձակող կազմակերպության հաղորդման ցուցադրում անմիջականորեն կամ էկրանին ժապավենների, սլայդի, հեռուստակադրի կամ այլ սարքերի և գործընթացների օգնությամբ այն տեղերում, որտեղ այդ ցուցադրումը կարող է ընկալվել առանց սույն հոդվածի հաջորդ կետով նախատեսված հրապարակային հաղորդում իրականացնելու անհրաժեշտության, և որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում:
Տեսալսողական ստեղծագործության հրապարակային ցուցադրում նշանակում է նաև այդ ստեղծագործության առանձին կադրերի ցուցադրում` առանց դրանց հաջորդականությունը պահպանելու.
հրապարակային հաղորդում` ստեղծագործության, կատարման, հնչյունագրի, հեռարձակող կազմակերպության հաղորդման, պատկերների և (կամ) հնչյունների այնպիսի հաղորդում եթերում կամ հաղորդագծով կամ այլ եղանակով, երբ հիշյալ պատկերները կամ հնչյունները կարող են ընդունել այն անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին այն տեղերում, որոնց հեռավորությունը հաղորդման սկզբնակետից այնպիսին է, որ այդ պատկերները կամ հնչյուններն առանց նշված հաղորդման չեն կարող ընդունվել նշված վայրերում կամ այլ տեղերում` անկախ այն բանից` վերոհիշյալ անձինք կարող են պատկերները կամ հնչյունները միաժամանակ ընդունել նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում.
հնչյունագրի օրինակ` անմիջականորեն կամ անուղղակիորեն հնչյունագրից ցանկացած նյութական կրիչի վրա պատրաստված և հնչյունագրում ամրագրված բոլոր հնչյունները կամ դրանց էական մասն ընդգրկող հնչյունագրի պատճենը.
հասարակություն` անձանց բազմություն, որը չի պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում.
համակարգչային ծրագրի ապաբանաքաղում (դեկոմպիլյացիա)` ծրագրի օբյեկտային կոդի վերափոխում դրա ելքային տեքստին.
հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատեր (իրավունք կրող անձ)` գույքային իրավունքներով օժտված հեղինակ կամ կատարող, ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որին զիջվել են գույքային իրավունքները, կամ որն ի սկզբանե օժտվել է գույքային իրավունքներով.
նմանակում (կոնտրաֆակտ)` ստեղծագործության օրինակ, որի պատրաստումը կամ տարածումը հանգեցնում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման.
ներկայացման բեմադրող ռեժիսոր` անձ, որն իրականացնում է թատերական, կրկեսային, տիկնիկային, էստրադային կամ այլ ներկայացումների բեմադրությունը.
ստեղծագործություն` գիտության, գրականության կամ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ համատեղ իրականացրած ստեղծագործական աշխատանքի ուրույն արդյունք, որն արտահայտված է որոշակի օբյեկտիվ ձևով.
ստեղծագործության օրինակ` ցանկացած առարկայական տեսքով պատրաստված ստեղծագործության պատճեն.
ստեղծագործության էական մաս` ստեղծագործության որևէ մաս, որը տվյալ ստեղծագործությանը ծանոթ որևէ անձ ինքնուրույն կարող է նույնականացնել որպես այդ ստեղծագործության մաս.
ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) օրինակների տարածում` վաճառքի, վարձույթով կամ ժամանակավոր օգտագործման հանձնման կամ դրանց նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքի այլ փոխանցման միջոցով, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային համակարգերի միջոցով ստեղծագործության հնչյունագրի (կամ տեսագրության) բնօրինակը կամ օրինակները հասարակությանը (երրորդ անձանց) մատչելի դարձնելը.
վերարտադրում` ամբողջ ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) կամ նրա մասի մեկ կամ մի քանի օրինակների պատրաստում` ցանկացած առարկայական տեսքով և ցանկացած նյութական կրիչի վրա, այդ թվում` ձայնագրության և տեսագրության տեսքով, ինչպես նաև` դրա գրանցում էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով մշտապես կամ ժամանակավորապես պահպանելու համար.
վերգծագրական վերարտադրություն (ռեպրոգրաֆիկական վերարտադրություն)` գրավոր կամ այլ գրաֆիկական ստեղծագործության բնօրինակի կամ պատճենի մեկ կամ մի քանի օրինակների ցանկացած չափի (մեծացված կամ փոքրացված) և ձևի ճշգրիտ վերարտադրում` ֆոտոպատճենահանման կամ տեխնիկական այլ միջոցներով, բացառությամբ տպագրական տպաձևերի կիրառման հետ կապվածների:
Վերգծագրական վերարտադրությունը չի ընդգրկում նշված պատճենի էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով պահպանում կամ վերարտադրում.
վերահեռարձակում` հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված հաղորդման հետագա հեռարձակում մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից.
վարձույթով հանձնում` ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) բնօրինակը կամ օրինակն ուղղակի կամ անուղղակի շահույթ ստանալու նպատակով ժամանակավոր տիրապետման և օգտագործման հանձնում.
տեսալսողական ստեղծագործություն` միմյանց հետ կապակցված պատկերների շարք (ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա), որը հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցությամբ` նաև լսել: Տեսալսողական ստեղծագործություն են համարվում կինեմատոգրաֆիական և համանման միջոցներով արտահայտված այլ ստեղծագործությունները (հեռուստաֆիլմեր, տեսաֆիլմեր, դիաֆիլմեր, կինոֆիլմեր և այլն).
տեսալսողական ստեղծագործության հրապարակային կատարում` ստեղծագործության պատկերների ցուցադրում իրենց հաջորդականությամբ (այդ թվում` դա ուղեկցող ձայների վերարտադրությամբ).
տվյալների բազա` տվյալների կամ այլ նյութերի (հոդվածների, հաշվարկների, փաստերի և այլն) մեքենայաընթեռնելի կամ այլ ձևով համակարգված բանաքաղում (կոմպիլյացիա), որն ըստ իր պարունակության ընտրության կամ տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք է: