Հոդված 7. Հեղինակային իրավունքի գործողությունը
Հոդված 7. Հեղինակային իրավունքի գործողությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության տարածքում այն ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն է գործում, որն առաջին անգամ է լույս ընծայվել (բացահայտվել) այդ տարածքում կամ թեկուզ լույս չի ընծայվել, սակայն որի բնօրինակը որևէ օբյեկտիվ ձևով գտնվում է այդ տարածքում: Այդ դեպքում հեղինակի և նրա ժառանգների, ինչպես նաև հեղինակի այլ իրավահաջորդների հեղինակային իրավունքը ճանաչվում է անկախ նրանց քաղաքացիությունից:
Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե դա այլ պետության տարածքում առաջին անգամ լույս ընծայվելուց հետո` 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ճանաչվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև նրանց ժառանգների և մյուս իրավահաջորդների հեղինակային իրավունքը, որոնց ստեղծագործություններն առաջին անգամ լույս են ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում են օտարերկրյա պետության տարածքում:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է նաև`
ա) այն տեսալսողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը, որի պատրաստողի կամ պրոդյուսերի վարչական կառավարման կենտրոնը կամ նստավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված ճարտարապետական ստեղծագործության կամ այդ տարածքում գտնվող կառույցի կամ շինության մեջ ընդգրկված արվեստի այլ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ճանաչվում է նաև այլ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև նրանց ժառանգների և մյուս իրավահաջորդների հեղինակային իրավունքը, որոնց ստեղծագործություններն առաջին անգամ լույս են ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում են օտարերկրյա պետության տարածքում: Այդ դեպքում օտարերկրյա պետության տարածքում ստեղծագործության բացահայտման փաստը որոշվում է համապատասխան միջազգային պայմանագրի դրույթների համաձայն:
Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծագործությանը, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավական պաշտպանություն տրամադրելիս դրա նկատմամբ հեղինակային իրավունքի տիրապետման հարցը որոշվում է այն երկրի օրենսդրությամբ, որտեղ տեղի է ունեցել հեղինակային իրավունքի տիրապետման համար հիմք ծառայած գործողությունը կամ փաստը: