Հոդված 12. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Հոդված 12. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
1. Դատավորը պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից 2 օրվա ընթացքում պետք է կառավարիչ նշանակի և սահմանի նրա վարձատրության չափը: Եթե կառավարիչ նշանակված անձը 3 օրվա ընթացքում հրաժարվում է կառավարչի պարտականությունները ստանձնելուց, ապա դատավորը 2 օրվա ընթացքում կառավարիչ է նշանակում այլ անձի: Կառավարչի նշանակման պահից 5 օրվա ընթացքում նշանակման պահին դատարանին հայտնի և պարտապանի նկատմամբ 50 տոկոս և ավելի պահանջներ ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) առարկության դեպքում դատավորը պարտավոր է 2 օրվա ընթացքում այլ կառավարիչ նշանակել:
2. Կառավարիչը պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից լիցենզավորված աուդիտոր, հաշվապահ կամ անվճարունակության վերաբերյալ գործերով կառավարիչ:
Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, կամ որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը.
բ) կառավարիչ նշանակվելու պահին քրեական գործով հանդես է գալիս որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
գ) պարտապանի նկատմամբ ունի հարյուր հազար դրամից ավելի պահանջ կամ պարտավորություն.
դ) ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) վերջին երեք տարիների ընթացքում հանդիսացել է սույն օրենքով սահմանված կարգով լուծարված և պարտատերերի պահանջներն ամբողջությամբ չբավարարած իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ղեկավար մարմնի անդամ, գլխավոր հաշվապահ կամ անվճարունակ ճանաչված անհատ ձեռներեց.
զ) վերջին մեկ տարվա ընթացքում երեք անգամ հրաժարվել է կառավարչի պաշտոնում նշանակվելուց, եթե հրաժարման պատճառը չի եղել տվյալ պահին անվճարունակության վերաբերյալ այլ գործով կառավարիչ լինելու հանգամանքը.
է) վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի նախաձեռնությամբ վաղաժամկետ ազատվել է կառավարչի պաշտոնից.
ը) պարտապանին անվճարունակ ճանաչելու պահին և դրան նախորդող մեկ տարվա ընթացքում հանդիսացել է պարտապանի ղեկավար մարմնի անդամ կամ գլխավոր հաշվապահ կամ անվճարունակ ճանաչված անհատ ձեռներեց, ինչպես նաև նշված անձանց մերձավոր ազգական է:
3. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից կամ այլ գույքի իրացումից ստացված դրամական միջոցներից կամ պարտատերերի կողմից փոխհատուցման պայմանով տրամադրված դրամական միջոցներից: Կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանվում է դատարանի կողմից վերջին տարում կառավարչի պաշտոնում նշանակված անձի կամ պարտապանի գլխավոր տնօրենի տարեկան վաստակի 1/12-րդի չափով: Կառավարչի միջնորդությամբ և կառավարչի նշանակման պահին դատարանին հայտնի և պարտապանի նկատմամբ 50 տոկոս և ավելի պահանջներ ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությամբ, դատարանը կառավարչի համար սահմանում է հավելյալ վարձատրություն պարտատերերի պահանջների բավարարման մակարդակի նկատմամբ` տոկոսներով, բայց 10 տոկոսից ոչ ավելի, և բավարարման ժամկետներում: