Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2002-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 9. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ և ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՐՏԱՏԻՐՈՋ (ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ) ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

գործել է մինչև 2002-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 9. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ և ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՐՏԱՏԻՐՈՋ (ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ) ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

1. Պարտատիրոջ (պարտատերերի) հայցադիմումը գրանցվում է դատարանում` այն ներկայացնելու պահին:

2. Դատարանը հայցադիմումի գրանցման պահից մեկ օրվա ընթացքում պետք է ծանուցագիր ուղարկի պարտապանին` դրան կցելով հայցադիմումի պատճենը:

Եթե ծանուցագիրը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր անվճարունակ լինելը, ապա նույն օրը դատավորը որոշում է կայացնում անվճարունակության վերաբերյալ գործը դատարանի վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու, կամ սույն հոդվածի 5 կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում` հայցադիմումը մերժելու մասին:

3. Եթե դատական ծանուցագիրը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր անվճարունակությունը, այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարանին, ապա դատավորը պետք է դատական նիստ հրավիրի, քննության առնի կողմերի ներկայացրած ապացույցները և նույն օրը միանձնյա որոշում կայացնի` անվճարունակության վերաբերյալ գործը դատարանի վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու կամ պարտապանի առարկությունները բավարարելու և պարտատիրոջ հայցադիմումը մերժելու մասին:

Դատավորը պետք է գործի քննության օրվա, ժամի և տեղի մասին ծանուցի կողմերին` պարտապանին և հայցադիմում ներկայացրած պարտատիրոջը (պարտատերերին), գործը քննության առնելու օրվանից առնվազն 2 օր առաջ:

4. Սույն հոդվածի 3 կետով նախատեսված դեպքում դատարանը պարտատիրոջից կարող է պահանջել դատարանի անունով բանկային ավանդի ներդրում Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ բանկում հայցադիմումի գումարի 10 տոկոսի չափով, բայց 500 հազար դրամից ոչ ավելի, որն անհրաժեշտ է հայցադիմումի մերժման դեպքում դատական ծախսերը փոխհատուցելու համար:

Եթե դատավորը որոշում է կայացնում անվճարունակության վերաբերյալ գործը դատարանի վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու մասին, բանկային ավանդը վերադարձվում է պարտատիրոջը` որոշումը կայացնելու պահից 2 բանկային օրվա ընթացքում:

Եթե հայցադիմումը մերժվում է, դատական ծախսերը փոխհատուցվում են բանկային ավանդից: Դատական ծախսերը փոխհատուցելուց հետո բանկային ավանդի մնացորդը վերադարձվում է պարտատիրոջը` որոշումը կայացնելու պահից 2 բանկային օրվա ընթացքում:

Եթե սույն օրենքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնող պարտատերը (պարտատերերը) դատարանի պահանջից հետո 5 օրվա ընթացքում բանկային ավանդի ներդրումը հաստատող փաստաթուղթ չի ներկայացնում, հայցադիմումը մերժվում է:

5. Դատավորը որոշում է կայացնում հայցադիմումը մերժելու մասին, եթե`

ա) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

բ) հայցադիմում ներկայացրած պարտապանը չի պահպանել սույն օրենքի 6 հոդվածի պահանջները.

գ) հայցադիմումում նշված պարտապանի նկատմամբ անվճարունակության վերաբերյալ գործ կա դատարանի վարույթում.

դ) սույն հոդվածի 3 կետով նախատեսված դատական նիստում պարզվում է, որ պարտատիրոջ ներկայացրած պահանջներն ամբողջովին բավարարված են դատական նիստի հրավիրման օրվա դրությամբ.

ե) հայցադիմումում բերված հիմքերը չեն բավարարում սույն օրենքի 2 հոդվածով սահմանված պահանջները.

զ) հայցադիմումը հայցվորի անունից ներկայացրել է մի անձ, որը չի ունեցել այն ներկայացնելու լիազորություններ.

է) հայցադիմումը ներկայացրել է անգործունակ ճանաչված անձը.

ը) հայցադիմումը ներկայացրած անձը չի վճարել օրենքով սահմանված տուրքը, և դատարանը որոշում չի կայացրել նրան տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ:

6. Դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 5 կետով սահմանված հիմքերի, այլ հիմքերով չի կարող մերժել անվճարունակության վերաբերյալ գործերով ներկայացված հայցադիմումի ընդունումը: Դատավորը, մերժելով հայցադիմումի ընդունումը, այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում: Որոշման մեջ դատավորը պարտավոր է ցույց տալ մերժման հիմքերը` նշելով սույն օրենքի համապատասխան հոդվածները:

Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշման պատճենը ներկայացված փաստաթղթերի հետ միասին հանձնվում կամ ուղարկվում է հայցվորին, իսկ սույն հոդվածի 2 կետով սահմանված դեպքում` նաև պարտապանին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։