Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 28.1-րդ հոդվածում`
1) «I. Մուտքերի գծով» մասում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`
ա) հարկային եկամուտները.
բ) տուրքերը.
գ) պաշտոնական դրամաշնորհները.
դ) այլ եկամուտներ:».
բ. 1.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1.3. Պաշտոնական դրամաշնորհներն են՝
ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.
բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.
գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները.
դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհները:».
գ. 1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1.4. Այլ եկամուտներն են՝
ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.
բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.
գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.
դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.
ե) տեղական վճարները.
զ) համայնքային հիմնարկների կողմից առանց տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.
է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցները.
ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:».
դ. 2-րդ կետի «բ» ենթակետի «5-րդ և 6-րդ մասերով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով.
ե. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`
«դ) համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող միջոցներ:».
2) «II. Ելքերի գծով» մասում`
ա. 1-ին կետի «զ» ենթակետից հանել «և ապահովագրություն» բառերը, իսկ «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժգ) համայնքի ղեկավարին օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:».
բ. 2-րդ կետը «մարումները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վարչական բյուջեից բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով: