Հոդված 16
Հոդված 16.
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Հիմնադրամի ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը
1. Հիմնադրամի ծախսերն են՝
ա) գործառնական ծախսերը՝
- ավանդների հատուցման հետ կապված ծախսերը,
- ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները,
- հիմնադրամի կողմից ակտիվների կառավարման, հատուցման կազմակերպման հետ կապված բանկային կոմիսիոն վճարները,
- ակտիվների վերագնահատումից և հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,
- Հիմնադրամի աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,
- ավանդների երաշխավորման և հատուցման գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսերը.
բ) վարչական ծախսերը՝
- ապարատի պահպանման ծախսերը, այդ թվում՝ աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր,
- ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը,
- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը,
- տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,
- հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը և շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսերը:
2. Կապիտալ ներդրումների ծրագիրն իրենից ներկայացնում է`
ա) հիմնադրամի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները.
բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով հաստատում է Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը:
4. Հիմնադրամի վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրն իրականացվում են Հիմնադրամի միջոցների հաշվին: Վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը կատարելու համար Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացելու հաշիվներ:
5. Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի` նախորդ տարվա բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.03 տոկոսը:
6. Եթե ընթացիկ տարում Հիմնադրամի փաստացի կատարած ծախսերն ավելի քիչ են, քան սույն հոդվածով սահմանված կարգով հաստատված` Հիմնադրամի վարչական և գործառնական տարեկան ծախսերը, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը Հիմնադրամը փոխանցում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հատուկ հաշվին:»: