Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը

1. Կենտրոնական բանկը հատուցման դեպքն առաջանալու մասին նույն օրը տեղեկացնում է Հիմնադրամին:

2. Հատուցման դեպքին հաջորդող 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկն ապահովում է հատուցման դեպքի օրվա դրությամբ անվճարունակ բանկի՝ ավանդների և ավանդատուների ցուցակների, ինչպես նաև ավանդատուի՝ անվճարունակ բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների, դրանց չափի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրումը Հիմնադրամին: Հիմնադրամն իրավունք ունի անվճարունակ բանկից պահանջելու ավանդների և ավանդատուների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պարտավոր է եռօրյա ժամկետում Հիմնադրամին տրամադրել պահանջվող լրացուցիչ տեղեկությունները:

Ավանդների և ավանդատուների ցուցակները պետք է ներառեն ավանդատուի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված բոլոր ավանդների գումարների չափերը, հատուցման դեպքի օրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պատասխանատու է ավանդների և ավանդատուների ցուցակներում ներառված տեղեկությունների ճշտության համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների պահպանման և տրամադրման նպատակով բանկերը պարտավոր են ունենալ ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ: Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման և դրանց տրամադրման պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում և առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդն ստանալու կարգը, ներառյալ` անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:

5. Հիմնադրամը երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ավանդների և ավանդատուների ցուցակի, ավանդատուի ներկայացրած` իր երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու վերաբերյալ գրավոր պահանջի և այդ պահանջը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

6. Ավանդատուների գրավոր պահանջների ընդունումն իրականացնում է անվճարունակ բանկը, քանի դեռ Հիմնադրամն այլ բան չի հայտարարել: Գրավոր պահանջն ստանալու օրվանից հետո` առավելագույնը երեք օրվա ընթացքում, անվճարունակ բանկը պարտավոր է գրավոր պահանջը փոխանցել Հիմնադրամին:

7. Ավանդատուն կարող է գրավոր պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող մեկ տարվա ժամկետում: Սույն մասում նշված ժամկետում ավանդատուի կողմից գրավոր պահանջը չներկայացնելու դեպքում Հիմնադրամը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:

8. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեսնօրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`

ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և դրա մասնաճյուղերի անվանումները և հասցեները.

բ) երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

9. Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները՝ գրավոր պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել սույն մասում նշված ժամկետը ևս երեք ամսով:

10. Ավանդատուներն անվճարունակ բանկում իրենց ավանդների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու և սխալ հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել անվճարունակ բանկ: Անվճարունակ բանկը պարտավոր է 5-օրյա ժամկետում գրավոր պատասխանել ավանդատուին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։